Գլխավոր Տուրիզմ Լոռվա անտեսված գեղեցկուհին. Թռչկանի անբարեկարգ ճանապարհը խոչընդոտում է տուրիզմին

Լոռվա անտեսված գեղեցկուհին. Թռչկանի անբարեկարգ ճանապարհը խոչընդոտում է տուրիզմին

0

Լոռու մարզում գտնվող Թռչկանի ջրվեժ գոնե մեկ անգամ այցելած մարդիկ կփաստեն՝ Թռչկանի Ջրվեժը յուրահատուկ գեղեցկություն ունի: Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանագծում գտնվող այս գեղեցիկ վայր տարեկան շատ քիչ մարդ է այցելում, պատճառը՝ ճանապարհների բացարձակ անանցանելիությունն է: Սարերի արանքում գտնվող Ջրվեժ հնարավոր է հասնել միայն կամ բեռնատարներով, կամ էլ ամենագնացներով, սակայն տեղ հասնելն ու հետ գալը՝ առանց մեքենան վնասելու, կրկին երաշխավորված չէ, իսկ ամենագնացներ ոչ բոլորն ունեն այնպես, ինչպես ասենք բեռնատարներ:

Թռչկանը Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջինում մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։

Թռչկան ջրվեժը 2008 թ-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։ Թռչկան այցելող զբոսաշրջիկներին հիմնականում ջրվեժ են հասցնում գյուղի բնակիչները:

Մեծ Պարնի համայնքի բնակիչներն ասում են, որ եթե ճանապարհները մի փոքր բարեկարգվեն, ապա տեղացի ու արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը մի քանի հարյուր անգամ կավելանա, մինչդեռ բոլորը գիտեն անբարեկարգ ու անանցանելի ճանապարհների մասին, ինչի պատճառով տուժում է ոչ միայն տուրիզմը տվյալ հատվածում. «Եթե էսօր ճանապարհները մի փոքր լավ լինեն, հազարներով զբոսաշրջիկներ կգան, տուրիստական ընկերությունները խմբեր կբերեն, տուրիստները իրենց մեքենաները նախ կլիցքավորեն գյուղի գազալցակայանում, սրճարանում կսրճեն, խանութներից՝ գնումներ կանեն, գուցե եւ որոշեն հենց գյուղից սնունդը գնել ու ինչու ոչ նաեւ գիշերել հենց գյուղում, բայց էս ամենը չկա, որովհետեւ ուղղակի ճանապարհ չկա»,-ասում է մեզ ուղեկցողը:

Անբարեկարգ ճանապարհներով շարունակում ենք առաջ ընթանալ, ճամփաբաժաններին մոլորվում ենք, չկա գեթ մեկ ցուցանակ, որը կուղղորդեր, թե ինչպես եւ որ կողմով պետք է հասնել ջրվեժ:

Որքան մոտիկանում ենք Թռչկանին, այնքան հեռախոսակապը վատանում է, իսկ վերջում՝ հեռախոսակապ պարզապես չկա, այնպես, ինչպես անցնող-գնացող մեքենաներ, որոնցից հնարավոր կլինի ճշտել ճանապարհը, կամ ինչ-որ պատահարի դեպքում օգնություն կանչել:

2011 թ-ին Թռչկանը հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում՝ ջրվեժից վերև ընկած հատվածում կառուցվելիք ՀԷԿ-ի պատճառով ջրվեժի գոյության վտանգման շուրջ բնապահպանների ակցիաների շնորհիվ։ Բնապահպանների՝ օր ու գիշեր տարած պայքարի արդյունքում ՀԷԿ-ի աշխատանքները դադարեցվեցին, իսկ Թռչկան գեղեցկուհին մնաց բոլորինը, սակայն՝ անտեսված:

Արդեն Ջրվեժի տարածքում տեղադրված է 1-2 տաղավար, մոտակայքում՝ փայտե նստարաններ, որոնք անձրեից ու քամուց կոտրվել են: Ջրվեժի տարածքում մեկ ընտանիք կար, որը եկել էր վայելելու Թռչկանի գեղեցկությունը, սակայն խոսակցությունից ու նրանց տրամադրվածությունից արդեն պարզ էր՝ սա նրանց Թռչկան առաջին եւ վերջին այցելությունն էր, քանի որ թե՛ մեքենան էր տեղ հասնելուց վնասվել, եւ թե տրամադրությունները փչացել:

Թե լոռեցիների, ու թե Թռչկան այցելել ցանկացողների խնդրանքը մեկն է՝ ճանապարհի բարեկարգման որոշակի աշխատանքներ տանել, ինչն իրենից մեծ միջոցներ չի պահանջում. «Մենք ասֆալտապատ ճանապարհ չենք ուզում, բայց կարող են մի հատ տրակտոր գցել, մեծ քարերը հեռացնել ու խորը փոսերը պարզապես հարթեցնել, պարզապես ցանկություն է պետք, որը մինչ օրս որեւէ մեկը չի արտահայտել»:

Մեկնաբանել