Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Կադրային նոր փոփոխություններ Լոռու մարզպետարանում. թափուր են վարչության ու բաժնի պետերի հաստիքներ

Կադրային նոր փոփոխություններ Լոռու մարզպետարանում. թափուր են վարչության ու բաժնի պետերի հաստիքներ

0

Լոռու մարզպետարանում կադրային փոփոխոթյունները շարունակվում են: Ավելի վաղ հայտնել էինք, որ հաստիքների փոփոխություններ էին եղել մարզպետի, փոխմարզպետի ու հայեցողական պաշտոններում:

Այսօր արդեն նոր նշանակումներ կան նաեւ մարզպետարանի աշխատակազմի վարչություններում ու բաժիններում:

Աշխատանիքց ազատման դիմում է ներկայացրել ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների բաժնի պետ Սարգիս Գրիգորյանը: Ազատման դիմումն ընդունվել է, վերջինս հունվարի 29-ից այլեւս չի շարունակի պաշտոնավարել:

Մարզպետարանի կողմից հայտարարված թափուր պաշտոնների մրցույթում էլ հաղթողներ կան: Հունվարի 14-ից առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ է նշանակվել Ռուզաննա Պողոսյանը։ Կամո Աշրաֆյանը նշանակվել է ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնում: Հասմիկ Մկրտչյանն էլ դատարանի որոշմամբ վերականգնվել է զարգացման ծրագրերի վերլուծության եւ զբոսաշրջության բաժնի պետի պաշտոնում:

Լրագրողների հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Արտաշես Ադլոյանը խոսելով առկա թափուր պաշտոններից ու հայտարարված մրցույթներից, տեղեկացրեց, որ ներկայումս մարզպետարանի աշխատակազմում թափուր է քաղաքաշինության վարչության պետի, ՏԻՄ վարչության պետի, զորահավաքային բաժնի պետի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի, ինչպես նաեւ հողաշինության բաժնի առաջատար մասնագետի պաշտոնները:

Մեկնաբանել