Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը նախորդ տարի ստացել է ավելի քան 38 հազար...

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը նախորդ տարի ստացել է ավելի քան 38 հազար ահազանգ

0

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում  նախորդ տարի ստացվել է 699  դեպքերի ու պատահարների ահազանգեր, դրանցից 609-ը՝ տեխնածին պատահարներ, որոնց մեջ առաջին տեղում հրդեհներն են եղել։ Այս մասին մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ հայտնել է Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետը,  ամփոփելով 2020 թվականի աշխատանքները։

Marzer.am-ին Սյունիքի մարզպետարանի լրատվական բաժնից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը, ԱԻՆ-ի մարզային տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մարզպետարանի, համայնքապետարանների, ԱԻՆ-ի հետ համագործակցող կառույցների, ուժային կառույցների աշխատակիցներ։
Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը, շնորհակալություն հայտնելով ԱԻՆ կառույցներին՝ կատարած աշխատանքի ու մարզային իշխանությունների հետ համագործակցության համար, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կողմից պատվոգրեր հանձնեց մարզի հինգ փրկարարի՝ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստականության եւ բարեխիղճ ծառայության համար։
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Կ․Մանուկյանը եւս շնորհակալություն հայտնեց մարզի փրկարարներին՝ 2020-ի գործունեության համար ու պատասխանեց ներկաներին հուզող մի շարք հարցերի՝ խոստանալով հնչեցված խնդիրները քննարկման առարկա դարձնել նախարարությունում։ Նա ԱԻ նախարարի ու ՓԾ տնօրենի կողմից պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց մարզի՝ իրենց ծառայությամբ 2020-ին աչքի ընկած փրկարարներին։ Կառույցի աշխատակիցների համար դրամական ու այլ խրախուսանքներ էին նախատեսել նաեւ մարզի համայնքապետարանները։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց ու կարեւորվեց հատկապես այն հսկայական աշխատանքը, որը ծանրագույն ու դժվար 2020 թվականին կատարել է փրկարարական վարչությունը ե՛ւ նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ու ստեղծված համաճարակային իրավիճակում, ե՛ւ աշնանը՝ պատերազմական ժամանակաշրջանում։

Մեկնաբանել