
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կրճատում է հայաստանյան դպրոցներում դասավանդվող առարկաների քանակը` փոփոխություններ կատարելով 2010թ–ին հաստատված ու մինչ օրս գործող հանրակրթության պետական չափորոշիչներում։
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է նոր չափորոշիչները:
Նշվում է, որ մարզերի ավագ դպրոցների աշակերտներին դասավանդվելու է նաև հարազատ մարզին վերաբերող գիտելիքներ։
Միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, ինչը նշանակում է, որ ԿԳՄՍՆ-ն հրաժարվում է տարրական դպրոցում միավորային գնահատումից ու առաջարկում կիրառել ավելի գնահատող ու խթանող ձևեր:
Նախարարությունն առաջարկում է նաև հրաժարվել «անբավարար» գնահատականից ու 10 միավորանոց գնահատման համակարգում յուրաքանչյուր առանձին միավոր դիտարկել որպես առաջընթացի ցուցիչ։
Նոր չափորոշիչները դեռ չեն ներդրվի։ Դրանք 2021թ–ի սեպտեմբերի 1-ից միայն կփորձարկվեն։ Իսկ հաջող փորձարկում անցնելուց հետո 2023թ.–ից կներդրվեն դպրոցներում։