Արարատի մարզպետարանից տեղեկացնում են, որ որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը՝ իրականությանը չի համապատասխանում:
«Այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի այն շրջանակը, որն ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Խնդրում ենք այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը սպասարկելուց»,-ասվում է մարզպետարանի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի ճակատագրից հետո, երբ գյուղերի մի մասն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշենի թաղամասի շուրջ ևս նման խոսակցությունները չեն դադարում, թեև ստույգ դեռևս ոչինչ չկա: Բանն այն է, որ Պարույր Սեւակ համայնքը սահմանակից է Նախիջեւանին:
Մեզ հետ զրույցում Պարույր Սևակ գյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Ստեփանյանը պնդել էր, որ գյուղն ապրում է իր բնականոն կյանքով, գյուղում խուճապ չկա, միայն լրատվամիջոցներից են լսել խուճապի մասին: