Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Պարույր Սևակ գյուղում խուճապ չկա. Տիգրանաշենում ամեն բան հանգիստ է. համայնքապետի պաշտոնակատար

Պարույր Սևակ գյուղում խուճապ չկա. Տիգրանաշենում ամեն բան հանգիստ է. համայնքապետի պաշտոնակատար

0

Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի ճակատագրից հետո, երբ գյուղերի մի մասն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշենի թաղամասի շուրջ ևս նման խոսակցությունները չեն դադարում, թեև ստույգ դեռևս ոչինչ չկա: Բանն այն է, որ Պարույր Սեւակ համայնքը սահմանակից է Նախիջեւանին:

Նշենք միայն, որ Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին, բնակեցված է հիմնականում Ադրբեջանից բռնագաղթված ընտանիքներով, ժամանակին առանձին գյուղ է եղել, սակայն այժմ Պարույր Սևակ գյուղի թաղամասն է, գտնվում է Երասխ-Եղեգնաձոր մայրուղու վրա: Թեև Տիգրանաշենը Պարույր Սևակ գյուղի թաղամասն է, սակայն ունի իր դպրոցը:

«Այս պահին գյուղը նորմալ վիճակում է, ապրում է իր բնականոն  կյանքով, գյուղում խուճապ չկա, միայն լրատվամիջոցներից եմ լսում խուճապի մասին»,- Marzer.am-ի Արարատի մարզի թղթակցին ասաց Պարույր Սևակ գյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Ստեփանյանը:

Նա նաև նշեց, որ գյուղում խուճապային իրավիճակ չկա, անգամ գյուղի բնակիչների մոտ անհանգստություն չկա կամ էլ որևէ նման խնդրով չի  եկել գյուղապետարան:

«Գյուղն ապրում է իր առօրյա կյանքով, մարդիկ զբաղված են իրենց գործերով»,-հաղորդեց Լ. Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ Տիգրանաշենի թաղամասում 42 տուն կա, մոտ 182 բնակչով:

Հավելենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների, հրահանգվել է դատարկել Պարույր Սեւակը գյուղը, քանի որ Տիգրանաշենը, ըստ նույն լուրերի,  անցնելու է Ադրբեջանին:

Գոհար Ստեփանյան, Արարատի մարզ

Marzer.am

Մեկնաբանել