
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նախօրեին մեկնարկած բնակարանաշինությունն ամբողջությամբ կատարվելու է բարերարների միջոցներով: Բարերարների միջոցներով լուծվելու է նաեւ նոր թաղամասի ենթակառուցվածքների հարցը: Այս մասին Marzer.am-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը՝ նշելով, որ նոր թաղամասում կառուցվելու է 12 առանձնատուն. «Այս նոր թաղամասը բացառապես բարերաների միջոցներով է և արդեն մի քանի օր է, շինաշխատանքները ընթանում են: Կառավարության ծրագիրը այլ է»,-ասաց փոխքաղաքապետը։
Նրա խոսքով՝ հակառակորդին անցած 12 բնակարանների բոլոր բնակիչներն առայժմ իրենց հարազատների տներում են, սննդի և այլ խնդիրների հարցով զբաղվում է համայնքապետարանը. «Փորձում ենք հնարավորինս արձագանքել անհատական խնդիրներին։ Լուծվել է նաև անվճար տրանսպորտի հարցը և էլի համայնքի ղեկավարի հանձնարարությամբ»:

Իսկ մեր այն հարցին, թե ի՞նչ է արել մինչ օրս կառավարությունը՝ նշված ընտանիքների համար, փոխքաղաքապետը պատասխանեց. «Ընդամենը երկու օր առաջ կառավարության որոշման մասին գիտեմ` սոցիալական աջակցությունների մասին։ Այլ մանրամասների մասին տեղեկություններ չունեմ:
Կառավարությունը փետրվարի 4-ի նիստում հաստատել էր Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիներին (այդ թվում՝ երեխաներին), որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսը, համայնքի ղեկավարի կողմից տված տեղեկանքի համաձայն, փաստացի բնակվել են այնտեղ:
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է՝
1) միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ՝ որոշումն ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում,
2) ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական 68 000 դրամ, 6 ամսվա համար՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։
Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին կամ խնամակալին (եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն):