
Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը։ Գորիսի ուսուցչի տան շենքը դեռեւս 1950 թվականին եղել է էքսկուրսիայի պետական ծառայության շենքը, հետո դարձել է առաջնորդարան, ավելի ուշ Գորիսի ուսուցիչների տունն է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Այս տանը 1870 թվականին ապրել է Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, ով համակարգել է Գորիսի թատրոնի շենքի կառուցման համար ստեղծված խորհուրդը։ Այս շենքը իր կոլորիտով, նշանակությամբ, դիրքով բացառիկ է եւ տարիներ շարունակ փորձեր են արվել վաճառել, բայց մազապուրծ փրկված շենքերից մեկն է։
Այս հրաշալի շենքում կարող է լինել օրինակ Երկրագիտական թանգարանը, որը այսօր ճիշտ է մշակույթի տան առաջին հարկում է , բայց շատ խեղճ տարածքում կամ գորգերի թանգարան կարող է դառնալ եւ նմանօրինակ հանրային կարեւորության այլ գործող հաստատություն, բայց ի սեր Աստծո մի փորձեք ջնջել պատմությունը ու հետո տեսնենք էստեղ ավտոտեխսպասարկաման կետ է գործում։ Հուսով եմ, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանայի իր որոշումը, անթույլատրելի է այս շենքի վաճառքը»,–գրում է տիկին Յոլյանը։