Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն երկուշաբթի՝ փետրվարի 8-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Հովհաննես Հարությունյանն աշխատակազմին է ներկայացրել Շիրակի մարզպետի նորանշանակ տեղակալ Դավիթ Սեխլեյանին՝ կարեւորելով համատեղ ու արդյունավետ աշխատանքը․ «Մեզ այժմ բարդ ու պատասխանատու աշխատանք է սպասվում, արդյունքներ գրանցել եւ ձեռքբերումներ ունենալ հնարավոր կլինի համագործակցությամբ, բոլորիս համար կարեւոր ուղենիշ պետք է լինի մեր մարզի հիմնախնդիրների լուծումը, հոգսերի թեթեւացումը։ Պարոն Սեխլեյանը ունի մասնագիտական բավական փորձ եւ վստահ եմ՝ մեր ոլորտային պատասխանատուների հետ համատեղ ջանքերով կկարողանան իրենց առջեւ դրված խնդիրները լուծել»։
Մարզպետի տեղակալ Դավիթ Սեխլեյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ, որ ամեն ինչ կանի թիմային աշխատանքով նոր արդյունքներ գրանցելու համար։
Խորհրդակցության ընթացքում մարզպետն աշխատակազմին է ներկայացրել նաեւ մարզպետի նորանշանակ խորհրդականին եւ օգնականներին, միաժամանակ քննարկվել են մի շարք կազմակերպչական եւ մարզպետի ընթացիկ հանձնարարականներին վերաբերող հարցեր։