ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ռեստորանում 22-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2021թ. փետրվարի 6-ին՝ ժամը 23:15-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «Ծիրանի այգի» ռեստորանում հաճախորդները դանակով հարվածել են միմյանց:
Այնուհետեւ՝ ժամը 23:55-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված երիտասարդ:
Պարզվել է, որ վերջինս կյանքի հետ անահամատեղելի մարմնական վնասվաքծներն ստացել է քաղաքացու հաղորդման մեջ նշված միջադեպի ժամանակ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
Նախնական տվյալներով՝ 2021թ. փետրվարի 6-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «Ծիրանի այգի» ռեստորանում առերեւույթ հանցագործություն կատարած անձը վիճաբանել է Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս կենսական կարեւոր նշանակություն ունեցող օրգաններին, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից նա մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է Կոտայքի մարզային քննչական վարչության եւ Աբովյանի քննչական բաժնի քննչիներին:
Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք, զննությամբ վերցվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ, ՌԴ քաղաքացի՝ ծնված 1977թ.:
Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ձեռնարկվում միջոցաառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: