Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Իրավունք չունենք թուլանալու եւ գլխիկոր լինելու․ սյունեցի նորակոչիկներին այս պատգամը հղեցին

Իրավունք չունենք թուլանալու եւ գլխիկոր լինելու․ սյունեցի նորակոչիկներին այս պատգամը հղեցին

0

Փետրվարի 9-ին Սյունիքի մարզկենտրոնից՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիրից, Հայոց բանակ ծառայության ճանապարհեցին այս տարվա ձմեռային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկներին՝ Կապան եւ Քաջարան համայնքներից։ Ներկա էին մարզային ու համայնքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ, ազատամարտիկներ, հոգեւոր այրեր, նորակոչիկների հարազատները։

Տղաներին դիմավորեցին Խուստուփի ներքո ծածանվող եռագույնով, ճանապարհեցին՝ Գ․Նժդեհի հորդոր-խոսքերով։ Իսկ հնչող ելույթներում ու օրվա տրամադրության մեջ նախեւառաջ խոնարհումն էր վերջին պատերազմում ընկած հերոսների հիշատակին, նաեւ պատգամը՝ շարունակել նրանց գործը՝ հայրենիքին անձնուրաց ծառայությամբ։

Ներկաներին օրհնեց Վահանավանքի հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը։

ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Վահե Աղալարյանն իր խոսքում ընդգծեց, որ այս զորակոչն իր բնույթով տարբերվում է նախորդ զորակոչերի հաղթական տրամադրվածությունից, քանզի բոլորի հոգում տիրում է թախիծն ու կսկիծը, նաեւ խոնարհումն ընկած տղաների սխրագործությունների առաջ։

Նա  համոզմունք հայտնեց, որ բանակ զորակոչվածները պատվով ու պատասխանատվությամբ կշարունակեն պատերազմի մասնակից ընկերների գործը՝ իրենց մտապատկերում ունենալով ավելի հզոր ու առնական բանակ ունենալու տեսլականը։

«Իրավունք չունենք թուլանալու եւ գլխիկոր լինելու, այլ պիտի հաղթահարենք դժվարին կացությունը եւ հաստատուն քայլերով առաջ գնանք», – ասաց Վահե Աղալարյանը:

Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, փոխանցելով մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի բարեմաղթանքները, նշեց, որ նկատում է ծնողների մտահոգությունը, բայց նրանք պետք է հպարտ լինեն, որ հայրենիքին ծառայելու պատրաստ զավակներ են դաստիարակել, եւ խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ ցանկացավ նորակոչիկներին։

Տղաներին ողջունեց  ու բարի ծառայություն մաղթեց  նաեւ Կապանում տեղակայված N զորամասի հրամանատար, ՀՀ ազգային հերոս գնդապետ Գարեգին Պողոսյանը։

Իսկ զորակոչիկները, ծաղիկներ դնելով Գ․Նժդեհի շիրմին, ուղեւորվեցին կենտրոնական հավաքակայան։

Մեկնաբանել