Գլխավոր Без рубрики Շիրակի մարզում ճանապարհատրանսպորտային հանցագործությունները եւ մահվան ելքով դեպքերը նվազել են

Շիրակի մարզում ճանապարհատրանսպորտային հանցագործությունները եւ մահվան ելքով դեպքերը նվազել են

0

Շիրակի մարզի դատախազությունն ամփոփել է հանցավորության դեմ պայքարում մարզի իրավապահ մարմինների, քրեական վարույթների շրջանակներում դատախազության կողմից իր լիազորությունների իրականացման արդյունքները:

Մարզի տարածքում 2020թ. ընթացքում տեղի է ունեցել մահվան ելքով ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու 8 դեպք՝ ինչը 3-ով կամ 33,3%-ով նվազ է 2019թ. համեմատ։ Դրան զուգահեռ բարելավվել է նաեւ այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ վարույթներում գտնվող քրեական գործերով եւ նյութերով նշված հանցագործությունների բացահայտումը կազմել է 44,4%, նախորդ տարվա 38,1%-ի դիմաց։ ՃԵ կանոնները խախտելու եւ անզգուշությամբ անձանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերը եւս նվազել են՝ 2019թ. 58 դեպքի դիմաց 2020թ. արձանագրվել է 51 նման դեպք, կամ 15.5%-ով պակաս:

Մարզի տարածքում ՃԵԿ խախտման դեպքերի նվազումը պայմանավորված է նաեւ բնակավայրերում, հատկապես Գյումրի քաղաքի փողոցների բանուկ հատվածները, խաչմերուկները տեսանկարահանող սարքերով կահավորման հետ, ինչը երթեւեկության անվտանգության առումով ունեցել է կանխարգելիչ նշանակություն:

Բացի այդ՝ էական նշանակություն են ունեցել նաեւ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ «ՀՀ քրեական օրենսգրում» կատարված լրացումներն եւ փոփոխությունները, որոնցով քրեական պատասխանատվություն է սահմանվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոց վարելու, հիշյալ անձանց կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար:

Այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2020թ. ընթացքում, մարզի տարածքում արձանագրվել է ՀՀ քրեական օրենսգրքում ավելացված 243.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների 64 դեպք: Բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 45-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Վերոնշյալ տարածված վարքագծի դրսեւորումների քրեականացումը ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար եւս ունի կանխարգելիչ նշանակություն:

ՃՏՊ վայրերի քարտեզագրումը եւ դեպքերի հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզում ՃՏՊ-ի պատճառներ ու նպաստող պայմաններ են հանդիսացել սահմանված արագության գերազանցումը, վարորդի կողմից երթեւեկության հանդիպակաց գոտի դուրս գալը, ղեկին քնելը, ոչ սթափ վիճակում ավտոմեքենան շահագործելը, բջջային հեռախոսից օգտվելը, ինչպես նաեւ հետիոտների կողմից շատ հաճախ ճանապարհը ոչ սահմանված վայրում  հատելը: Մարզի դատախազության գնահատմամբ դեռեւս առկա են կարգավորման խնդիրներ՝ կապված նաեւ հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին երթուղիների ոչ ճիշտ տեղաբաշխման եւ սպասարկման, վարորդների, հետիոտների հետ տարվող բացատրական աշխատանքների, վարչական պատասխանատվության ենթարկելու հարցում հետեւողականություն ցուցաբերելու հետ։

Ուսումնասիրության արդյունքներով վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով մարզի դատախազության նախաձեռնությամբ 2020թ. միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը՝ անհրաժեշտություն համարելով ձեռնարկել համապատասխան միջոցներ անվտանգ ճանապարհային երթեւեկություն ապահովելու նպատակով աշխատանքների բարելավման ուղղությամբ: Ուշադրություն է հրավիրվել մարզի տարածքում միկրոավտոբուսների, ավտոբուսների եւ տաքսիների վարորդների կողմից «ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները խախտելու, միկրոավտոբուսների վարորդների կողմից անհրաժեշտ կարգի վարորդական վկայական չունենալու, իրենց ամրակցված տրանսպորտային միջոցներն այլ՝ անհրաժեշտ կարգի վարորդական վկայական չունեցող անձանց տրամադրելու դեպքերի բացառման անհրաժեշտության վրա: Իրենց իրավասության շրջանակներում վերոնշյալ հանցատեսակների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով 2020թ. միջնորդագիր է ներկայացվել նաեւ ՀՀ Շիրակի մարզպետին՝ շեշտադրելով ՏԻՄ-երի կողմից ՀՀ օրենսդրությամբ իրենց վրա դրված՝ ճանապարհների սպասարկման եւ վերանորոգման պարտականությունները պատշաճ կատարման կարեւորությունը:

Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ դատախազության կողմից նախանշված միջոցառումների կատարման հանդեպ հետեւողականության ցուցաբերումը, այդ նպատակով խիստ պատժողական քաղաքականության իրականացումը 2021թ. եւս շարունակելու են մնալ Շիրակի մարզի դատախազության առաջնահերթություններից։

ՀՀ գլխավոր դատախազություն

Մեկնաբանել