Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ «Տղա գնում եք, տղամարդ՝ հետ գալիս»․զորակոչ Արտաշատում

«Տղա գնում եք, տղամարդ՝ հետ գալիս»․զորակոչ Արտաշատում

0

Երկուշաբթի՝ փետրվարի 8-ին, Արարատի  մարզկենտրոն Արտաշատում տեղի ունեցավ 2020 թվականի ձմեռային զորակոչին Արարատի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման  արարողությունը, որին մասնակցում էր Արարատի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Թեւոնյանը: Ներկա էին նաեւ Հայ առաքելական եկեղեցու Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, Պաշտպանության նախարարության եւ Զինված Ուժերի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը, այնուհետ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի մատուցմամբ՝ հնչեց տերունական աղոթքը:

Ներկաներին ողջունեց եւ նորակոչիկներին իր բարեմաղթանքի խոսքը հղեց մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը՝ մասնավորապես նշելով.
«Սիրելի նորակոչիկներ, ձեզ բարի ճանապարհ եմ մաղթում դեպի նոր կյանք, դեպի Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր: Մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ դուք, որպես զինվորներ, որպես ապագա սպաներ՝ պատվով եւ ամենայն պատասխանատվությամբ կկատարեք ձեր առջեւ դրված ցանկացած առաջադրանք: Ձեր ծառայության երկու տարվա ընթացքում այսուհետ դուք եք ստանձնելու հայրենիքի պաշտպանի դերն ու անսասան պահելու մեր երկրի դարպասները:

2020 թ-ի պատերազմից հետո ինձ համար, թերեւս, ամենաերջանիկ օրն է սա՝ տեսնելով ձեզ այստեղ՝ առողջ ու պինդ կանգնած: Ամենակարեւորը՝ թող ձեր ծառայությունն անցնի խաղաղության պայմաններում, իսկ բանակային տարիներն էլ նպաստեն ձեր ռազմական գիտելիքների ու հմտությունների հարստացմանը:

Մեր նորակոչիկների հարգարժան ծնողներ, ձեզ էլ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել՝ ձեր զավակների մեջ հայրենասիրություն սերմանելու համար: Այստեղ կանգնած մեր նորակոչիկների ու այս պահին էլ մեր սահմանները հսկող զինվորների անունից ձեզ վստահաբար ասում եմ՝ հանգիստ քնեք, հանգիստ աշխատեք ու արարեք, որովհետեւ բոլորիս նպատակը մեկն է՝ ուժեղ եւ ամուր հայրենիք ունենալը: Համբերություն եւ տոկունություն ձեզ»:

ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման պետ, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանն էլ իր հերթին բարի ծառայություն մաղթելով նորակոչիկներին՝ ասաց.
«Բոլորս սպասելու ենք ձեր վերադարձին՝ հենց այս նույն կազմով, որով մեկնում եք. բանակը յուրաքանչյուր հայ երիտասարդի կյանքում ամենակարեւոր եւ անհրաժեշտ դպրոցներից մեկն է, որովհետեւ տղա գնում եք, տղամարդ հետ վերադառնում: Բարի եւ անփորձանք ծառայություն ձեզ, տղե՛րք ջան»:

Այնուհետ նորակոչիկները հրաժեշտ տալով ծնողներին, բարձր տրամադրությամբ մեկնեցին ծառայության:

Մեկնաբանել