Փետրվարի 9-ին, ժամը 07.50-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ առեւանգել են իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության Սպիտակի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տղամարդը հաղորդում էր տվել, որ Վանաձոր քաղաքում մի անծանոթ տղամարդ կանգնեցրել էր իր վարած «Մերսեդես Բենց» ավտոմեքենան եւ խնդրել տեղափոխել Գյումրի։ Ճանապարհին՝ Շիրակամուտ համայնքի վարչական տարածքում, ուղեւորն առաջարկել էր անձամբ վարել ավտոմեքենան: Վարորդը համաձայնել էր, սակայն տեղերը փոխելու ժամանակ վարորդը դեռ չնստած՝ անծանոթը մեքենան առեւանգել էր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ավտոմեքենան հայտնաբերեցին Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում՝ վթարված ու առանց վարորդի:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Սպիտակի եւ Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 9-ին, ժամը 16.05-ին, Գյումրի քաղաքում հայտնաբերվել եւ, մեքենան առեւանգելու կասկածանքով, ոստիկանության Սպիտակի բաժին բերման է ենթարկվել գյումրեցի 27-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն։