2021թ.-ին գրիպի համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են ինչպես ռինովիրուս, բոկավիրուս, այնպես էլ գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն եւ արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է եւ կիրառվում է արդեն տասնյակ տարիներ:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարեւորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում` սեզոնային գրիպի կանխարգելումը:
Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, եւ ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա եւ պատվաստվել:
Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով` անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաներ, 65-ից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք եւ սպասարկող անձնակազմ: Ազգաբնակչության այլ խմբերի համար եւս պատվաստումը հասանելի է։