Գլխավոր Մարզեր Մեղրիից մինչեւ Վարդենիս․ ովքե՞ր են զինամթերք հանձնողները

Մեղրիից մինչեւ Վարդենիս․ ովքե՞ր են զինամթերք հանձնողները

0

Ինչպես marzer.am–ը տեղեկացացավ ՀՀ ոստիկանության կայք–էջից, Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 6-ին բաժին է ներկայացել 25-ամյա մի երիտասարդ ու կամավոր հանձնել գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ հայտնելով, որ այն իր հետ բերել էր Արցախից։

Ագարակ քաղաքի 60-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Մեղրիի բաժնում կամավոր հանձել է «ՏՕԶ» տիպի հրացան ու տարբեր տրամաչափի եւ հրազենների 200-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա, ձեռք էր բերել տարիներ առաջ ու պահել այգետնակում։

Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգը, ինքնաձիգի 60 փամփուշտն ու պահունակները ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է Մալիշկա գյուղում բնակվող 55-ամյա մի տղամարդ։ Նրա հետ բացատրական աշխատանք են իրականացրել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաեւ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներում։

Գավառում եւ Ծովազարդ գյուղում բնակվող երկու տղամարդ Գավառի բաժնում կամավոր հանձնել են «ՏՕԶ» տիպի հրացան, ինքնաշեն ատրճանակ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու փամփուշտներ։

Փետրվարի 5-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք։ Մեծ Մասրիկ եւ Ակունք գյուղերի երեք բնակիչներ բաժին էին բերել տարբեր տեսակի 6 նռնակ, ինքնաշեն ատրճանակ, «ՏՕԶ» տիպի հրացան ու տարբեր տրամաչափի եւ հրազենների 100-ից ավելի փամփուշտ։ Ճամբարակի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Արտանիշ գյուղի մի բնակիչ բաժնում հանձնել է կրակող սարք, «Ֆ-1» տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, ու տարբեր տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ։

Արտաշատի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում մի քաղաքացի Մրգավան գյուղի գերեզմանատան մոտ թողել էր պայթուցիչներով չորս նռնակ, 30 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի պահունակ ու տարբեր տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաեւ ոստիկանության Վաղարշապատի, Ախուրյանի եւ Մուշի բաժիններում։

Բացատրական աշխատանքի արդյունքում բաժիններ են բերվել տարբեր տեսակի նռնակներ, նռնակների պայթուցիչներ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր հրազենների եւ տրամաչափի, այդ թվում՝ խոշոր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս ուղղությամբ ոստիկանության ծառայողների միջոցառումները շարունակվում են։

Մեկնաբանել