ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ, չնայած իրականացված փոփոխություններին և մեղմացումներին, նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ առկա է հիվանդացության աճի միտում, վերարտադրության ցուցանիշը հունվարի 30-ից աճել է՝ 0.59-ից հասնելով մինչև 0.95։ Վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում, ինչպես նաև՝ Երևան քաղաքում:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ.
. եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5 մ հեռավորություն,
. կրե՛ք դիմակ, հնարավորինս խուսափե՛ք մարդաշատ վայրերից և մարդկային կուտակումներից,
. տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս (խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կրե՛ք դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով կամ լվացվե՛ք օճառով,
. սովորեցրե՛ք Ձեր երեխային հիգիենայի կանոնները և հետևե՛ք վերջիններիս պահպանմանը,
. սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում անմիջապես կապվե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ:
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ: