Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ տեղի ունեցած «Արենի եւ հարակից գյուղերի ժառանգության հանգույցի վերականգնում ծրագրի» կազմակերպիչների հետ հանդիպմանը մասնակցում էին մարզպետի խորհրդականները, օգնականները, մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնի պետ Արամ Կոստանյանը, ARS Progetti կազմակերպության մշակութային տուրիզմի մասնագետ Ջենիֆեր Գաետան, ARS Progetti կազմակերպության քաղաքաշինարար Վալենտինա Ռեսենտեն, Արփա բնապահպանական հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի խորհրդական Անահիտ Ոսկանյանը, ճարտարապետ, փորձագետ, քաղաքաշինարար Արազ Իսմաելյանը, Արենիի համայնքապետարանի աշխատակից Նորայր Գրիգորյանը։
ARS Progetti ձեռնարկության ներկայացուցիչները ներկայացրին ծրագրի հայեցակարգը, որի նպատակն է գինու տուրիզմի զարգացմանը զուգահեռ բարելավել ողջ տարածաշրջանի զբոսաշրջային ոլորտը:
Ծրագրի գործառույթներում կընդգրկվեն՝ զարգացման պլանների մշակման, գինու տուրիզմի զարգացման, անհրաժեշտ զբոսաշրջային ենթակառուցվածքների, ճանապարհների վերանորոգման եւ այլ կարեւորության գործերի կատարման ենթածրագրեր:
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում այցելություններ կատարել համայնքներ, շփում տեղի բնակչության հետ, ծանոթանա մշակութային արժեքներին, ինչը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել բնակավայրերի հնարավորությունների մասին:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց ներկայացված ծրագրերով, դրանց մշակման չափանիշերով:
Մարզպետը կարեւորեց ծրագրերի մշակման աշխատանքներին մարզպետարանի աշխատակիցների ներգրավվածությունը:
Արարատ Գրիգորյանը հաջողություն մաղթեց ծրագրին` հույս հայտնելով, որ այն նոր շունչ կհաղորդի Վայոց ձորի մարզում զբոսաշրջության զարգացմանը:
Այս մասին տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանի կայք էջը։