Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Բաքվի բռնապետի հետ, այսպես կոչված, բանավոր, իսկ ինչպես հիմա է կասկածվում, նաեւ գրավոր ամոթալի «ըմբռնումների» հետեւանքով Սանասարի (Ղուբաթլու) եւ Կովսականի (Զանգելան) շրջաններում մեր դիրքերը հանձնելու հետեւանքով Գորիս-Մեղրի հատվածում թշնամու համար ստեղծվել են խիստ նպաստավոր պայմաններ ցանկության դեպքում փաստացի վերահսկողություն սահմանելու Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցության անխտիր բոլոր ուղիների վրա։
Այդ հաղորդակցությունն ապահովող ճանապարհները Գորիսից մինչեւ Կապան երկուսն են, որոնցից Մ2 (Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) միջպետական նշանակության մայրուղին վտանգված է, Որոտանի եւ Շուռնուխի հատվածներում եւ Կապանի մոտակայքում, իսկ Հ46 (Տաթեւ-Աղվանի-Կապան) հանրապետական նշանակության հիմնականում ապահով ճանապարհը վտանգված է ծայր հարավում՝ կրկին Կապանի հատվածում, որտեղ այն միանում է Մ2-ին։ Կապանից մինչեւ Մեղրի գնացող ճանապարհները եւս երկուսն են, որոնցից ապահով է Մ2-ի շարունակությունը (Կապան-Քաջարան-Մեղրի-Իրանի սահման), սակայն Ճակատենի հատվածում վտանգված է Մ17 (Կապան-Ծավ) միջպետական ճանապարհը, որը կառուցվել է՝ որպես ձմռանը դժվարանցանելի Մ2 միջպետական ճանապարհի Կապան-Քաջարան-Մեղրի հատվածի այլընտրանք։