
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն ընդունել է «Թանա պարտեզ» ընկերության տնօրեն Հուսեին Բարխուդարի գլխավորած աշխատանքային խմբին:
Ողջունելով «Թանա պարտեզ» ընկերության տնօրինության կողմից Արմավիրի մարզում ենթակառուցվածքների եւ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը` մարզպետը համագործակցությունը շարունակելու եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել է 2020 թվականին Արտամետում պետություն-համայնք-մասնավոր սուբվենցիոն ծրագրի շրջանակում եռակողմ փոխգործակցությամբ իրականացված համայնքի ամբողջական գազաֆիկացման ծրագիրը` 80 մլն 825.89 հազար դրամ ընդհանուր բյուջեով, որին «Թանա պարտեզի» մասնակցությունը կազմել է 20 տոկոս` 16 մլն 165.178 հազար դրամ:
Անդրադարձ է եղել նաեւ հաշվետու տարում Արտամետ համայնքի կողմից ներկայացված 3 սուբվենցոն հայտի մասով ընկերության` դարձյալ 20 տոկոսի չափով մասնակցությանը:
Քննարկվել են նաեւ «Թանա պարտեզի» կողմից Արմավիրի մարզում ձեռք բերված 600 հա հողատարածքի վրա հիմնված շուրջ 250 հա պիստակի եւ 100 հա ընկույզի այգիների ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաեւ Հայաստանում էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին ընկերության մասնակցությանը վերաբերող հարցեր: