Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն հանդիպել է մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետը նշել է, որ կարեւորում է քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը․ «Սիրելի գործընկերներ, ողջունում եմ ձեզ, ուրախ եմ տեսնել մեզ մոտ, իմ աշխատանքում հստակ նախանշված է կարեւոր մեկ ուղղություն՝ ձեզ հետ համատեղ աշխատանքային մթնոլորտի ապահովումը պետք է լինի առաջնայնություն, վստահ եմ, որ միայն համագործակցությամբ կկարողանանք այս ծանր իրավիճակում առաջացած բազմաթիվ խնդիրներին լուծում գտնել, ես գիտեմ նաեւ, որ մեր մարզի հոգսերով մտահոգ եք դուք եւս, այնպես, որ համատեղ աշխատանքով կկարողանանք արդյունքներ գրանցել»։
Հովհաննես Հարությունյանը նկատել է, որ այլեւս ժամանակավրեպ է խնդիրների գույքագրումն ու դրանց մասին միայն խոսելը, պետք է գործուն քայլերի գնալ եւ դրանց ուշացումն անգամ մեկ օրով արդեն իսկ անթույլատրելի է։
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել մարզպետին ինչպես ջերմ ընդունելության, այնպես էլ համագործակցության պատրաստակամության համար։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել ոլորտային աշխատանքային խմբեր ստեղծելու, որում կընդգրկվեն մարզպետարանի ինչպես համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներն, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Վստահ եմ՝ մեր համատեղ ջանքերն անարդյունք չեն մնալու, կհաջողենք, եթե հանդուրժողականության, փոխադարձ գործակցության մթնոլորտում լինի մեր աշխատանքը։ Իսկ այս ամենը մեզ պետք է հատկապես 2020 թվականի առաջացրած մարտահրավերները հաղթահարելու համար»,- եզրափակել է Հովհաննես Հարությունյանը։