
«Մեր սպիտակ բանակը 2020 թվականի ընթացքում ամեն օր պատերազմեց, ու մինչ օրս էլ իր լուռ պատերազմն է տանում` փրկելով բազմաթիվ կյանքեր»,-սոցցանցի իր էջում գրել է վանաձորցի, բազմաթիվ բարեգործական ծրագրերի հեղինակ եւ իրականացնող Լիլիա Աբրահամյանը, նշելով, որ ինչպես պատերազմում, հիվանդանոցում նույնպես առանց համապատասխան «զրահաբաճկոնների»` բժիշկները հայտնվում են առաջնային վտանգի տակ:

ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպական հրամանատարության հումանիտար օգնության ծրագրով, Հայաստանում ԱՄՆ դեսպանի, դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Սթիվեն Պրատերի և հատկապես միջռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանի մեծ ջանքերի շնորհիվ այսօր արդեն Սպիտակի բժշկական կենտրոնն ապահովված է մեծաքանակ պաշտպանիչ դիմակներով և բժշկական խալաթներով։
Արդեն մեր մարզի լավագույն բարեկամը դարձած այս ծրագրի անդամներն այցելեցին բժշկական կենտրոն, ծանոթացան առկա խնդիրներին, և իհարկե հսկայական նվերներ տրամադրելով` մեկ անգամ ևս հաստատեցին, որ դեսպանատունը կանգնած է մեր ժողովրդի, հատկապես Լոռու մարզի կողքին:

Լոռու մարզի հետ կապված ցանկացած խնդիր բարձրաձայնելու դեպքում Անի Մելքումյանը շատ արագ ծրագրեր է գտնում և ուղարկում մարզ: