Ազգային ժողովի պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն։ Այս մասին «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում ասել է Արմեն Խաչատրյանը։
«Արդեն նախագիծը պատրաստ է: Այն հնարավորություն կտա սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ կրել որսորդական ակոսավոր զենք (ակոսավոր զենքը քիչ է տարբերվում մարտական զենքից): Այսինքն այն սահմանափակումը որ կար, որ մարդ պետք է 5 տարի անպայման ողորկափող զենք կրի, նոր նրան կարելի է թույլատրել ակոսավոր զենք կրել, կհանենք եւ հնարավորություն կտանք, որ կառավարության որոշմամբ հաստատված բնակավայրերում բնակիչները կրեն որսորդական ակոսավոր հրազեն:
Սա հաստատ կբարձրացնի նրանց անվտանգության զգացողությունը, կկարողանան նաեւ որս անել, վայրի կենդանիներից պաշտպանվել: Այդ զենքը գուցե ամբողջ կյանքի ընթացքում որեւէ անգամ չկիրառվի, սակայն զենքի առկայությունը արդեն վստահություն է առաջացնում բոլորի մոտ: Այս հարցում քննարկում ենք ունեցել Կապանի համայնքապետի հետ եւ վերջինս էլ նպատակահարմարությունը հաստատեց»,–ասել է Արմեն Խաչատրյանը:
Այն դիտարկմանը, թե ռիսկերը հաշվի առնվե՞լ են, արդյոք դա հանցավորության մակարդակը չի բարձրացնի՝ պատգամավորը ասաց․ «Նախ, զենքը տրվելու է նրանց, ովքեր խնդիրներ չունեն, ովքեր բուժհիմնարկներում գրանցված չեն, չեն դատապարտվել: Երկրորդ, ոստիկանության վրա ծանրաբեռնվածությունը կշատանա, բայց վերահսկողություն կիրականացնեն: Չեմ կարծում, որ հանցագործությունները կավելանան: Պատերազմի ժամանակ, պատերազմից հետո հարյուրավոր, հազարավոր մարդկանց մոտ կա զենք եւ, փառք Աստծո, չնչին են այն դեպքերը, երբ այդ զենքով հանագործություն է կատարվել»:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում։