
Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ստեփանավան քաղաքում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Գրիգորյանը հյուրերի հետ ծանոթանալուց հետո հատուկ ընդգծել է, որ կարևորում է հասարակական կազմակերպությունների դերը և գործունեությունը, ուստի, ըստ նրա, համայնքապետարան-ՀԿ-ներ գործակցությունը պետք է բերվի նոր՝ ավելի բարձր մակարդակի։ -Բազմաթիվ ոլորտներում այսօր ՀԿ-ները նպաստում են կյանքի աշխուժացմանը, իրականացնում ծրագրեր, որոնք միտված են քաղաքացու կյանքի որակի լավացմանը։ Եթե ջանքերը համատեղվեն, արդյունքները կարող են առավել շոշափելի լինել։
Արմեն Գրիգորյանը ՀԿ-ների ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, լսել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել մինչ օրս, և ինչ պետք է սպասել արդեն 2021 թվականի ընթացքում։ Ըստ հյուրերի` ընթացիկ տարին ևս ակտիվ է լինելու` ծրագրերի իրականացման առումով։ Հանդիպումը լավ առիթ էր նաև քննարկելու «Սագամար» ընկերության գործունեությունը, և առհասարակ` հանքաարդյունաբերության ճյուղը Ներկաներից մեկն օրինակ, Սագամարի հարցում ունի հստակ բացասական դիրքորոշում:
Հասարակական կազմակերպությունների մյուս ներկայացուցիչները, սակայն, նշում են, որ խնդիրը, ոչ թե «Սագամարի» գործել-չգործելն է, այլ ինչպես գործելը. եթե գործունեության ընթացքում պահպանվեն հանքաարդյունաբերության միջազգային բոլոր նորմերը, ապա «Սագամարի» աշխատանքը կարող է միայն նպաստ բերել քաղաքին, հատկապես, որ խոսք է գնում մեծ թվով աշխատատեղերի մասին։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ևս վերջին իմաստով համակարծիք է: Ըստ Գրիգորյանի` համայնքն, ի դեմ համայնքապետարանի, ՀԿ-ների և առհասարակ, քաղաքացիական հասարակության, պետք է կարողանա պահանջատեր լինել, թույլ չտալ բնապահպանական նորմերի խախտումներ։
Հանդիպման օրակարգում էր նաև համագործակցության հետագա հնարավորությունների քննարկումը: Արմեն Գրիգորյանը նշեց, որ համայնքապետարանն այսուհետ առավել քան բաց է լինելու` նոր առաջարկությունների համար։ ՀԿ-ների ներկայացուցիչները ողջունեցին համայնքապետի նախաձեռնողականությունը` հույս հայտնելով, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական:
Հանդիպմանը ներկա էին Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա (Ստեփանավանի մասնաճյուղ), “Արգինա” մշակութային ՀԿ, “Լիարժեք կյանք” ՀԿ, “Լոռե” էկոակումբ, “Ֆրանսիայի Բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն” բարեգործական կազմակերպություն (Ստեփանավան մասնաճյուղ), “Ավրորա” հոգեբանական կենտրոն, “Համաչափ զաևգացման երիտասարդական կենտրոն” ՀԿ, “Հռիփսիմյանց շունչ” ՀԿ, “Россия” ՀԿ, Ռազմավարական զարգացման գործակալություն (SDA), “Լոռէ փրկարար ջոկատ” ՀԿ և “Հայկական կարմիր խաչի ընկերություն” Ստեփանավանի մասնաճյուղից ներկայացուցիչներ։