Գլխավոր Հասարակություն Զբոսաշրջային ոլորտը վերակենդանացման փուլում է. ի՞նչ է առաջարկում Շիրակի մարզը

Զբոսաշրջային ոլորտը վերակենդանացման փուլում է. ի՞նչ է առաջարկում Շիրակի մարզը

0

Մշակութային արժեքներ, պատմաճարտարապետական հուշարձաններ, շենք-շինություններ,  եկեղեցիներ ու մասունքներ: Այս ամենին գումարած կարմրհատ լավաշ, կանաչ չեչիլ պանիր, խաշ, քյալլա, չրով ճաշեր, փոխինձ ու հումոր: Զբոսաշրջիկներին հայտնի հիմնական ցանկն է սա, որն առաջարկվում է Շիրակի մարզում եւ Գյումրիում:

Գյումրին իր պատմական միջուկով, Կումայրի արգելոցով, դռներով, դարպասներով, հայտնի  պատշգամբներով, հին ու նոր փողոցներով, հայտնի գերդաստանների առանձնատներով, չափազանց պահանջված է ու հետաքրքիր: «ՄարՄար» զբոսաշրջային ընկերության տնօրեն, զբոսավար Լիզա Գասպարյանը marzer.am-ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում ընդգծում է. Գյումրիում ցուցադրելու եզակի ու յուրահատուկ արժեքներ կան:

«Մենք քաղաքի հին փողոցներում ցույց ենք տալիս 19-րդ դարի մշակույթ, ճարտարապետություն, թե ինչ կենցաղավարություն է ունեցել գյումրեցին: Ներկայացնում ենք բաղնիք գնալու մշակույթը: Պատմում, որ կանայք առանձին են գնացել, իրենց հետ վերցրել քաղցրեղեն, անուշեղեն ու ղայֆա(սուրճ), վայելել են:

Նույնը և տղամարդիկ: Բաղնիքում լողանալուց բացի, կերել են, վայելել են, հաղորդակցվել: Եվ  հետո, այդ նույն բաղնիքից ենթամշակույթներ են ածանցվել: Հենց բաղնիքում աղջիկ տեսնել, հավանելու   մշակույթ է ունեցել գյումրեցին»,-ասում է Լիզան:

Երթուղում ամենապահանջվածը շարունակում է մնալ Գյումրու հոլիվուդյան բակը: Քաղաքի հենց այդ հատվածում են նկարահանվել հայկական հայտնի ֆիլմերից շատերը:

«Այնտեղ խոսում ենք ոչ միայն ֆիլմերի մասին, ստեղծման մասին, այլ նաև, թե մարդիկ բակերում ինչ հարաբերություններ են ունեցել, մինչև հիմա էլ ինչ վերաբերմունք ունեն իրար նկատմամբ: Բակերում են տխրում, բակերում միասին ուրախանում:

Գյումրին մինչ օրս էլ պատմական ֆիլմարտադրողների ուշադրության կենտրոնում է, մինչև այսօր էլ նկարահանումների համար տաղավար է հանդիսանում: Փողոցով քայլում, տեսնում ես, որ ինչ-որ ֆիլմ են նկարահանում, ցանկացած դուռ ու դարպաս դաջված է հայկական ֆիլմերում, և մենք էլ ամեն օր,ամեն շաբաթ ուսումնասիրում, շարունակում ենք բացահայտել մեր քաղաքը:

Պատերազմի օրերին, երբ հիմնականում հայկական ֆիլմեր էին ցուցադրում, ես ինքս, որքան էլ քաջածանոթ էի քաղաքին, էլի նոր բացահայտումներ ունեցա այդ օրերին: Բոլոր ժամանակներում Գյումրին եղել է մշակութային, ստեղծագործական քաղաք: Ու միշտ նաև շեշտում եմ. չափազանց միստիկ քաղաք»,-ասում է զբոսավարը:

Շիրակի մարզում զբոսաշրջիկներին առաջարկվող ուղղությունները, Մարմաշենի, Հառիճի վանական համալիրներն են,  Ջաջուռի Մինասի տուն-թանգարանը:

Այս ճանաչված հիմնական երթուղիներից բացի, բացառիկ են շիրակյան գյուղերը: Գրեթե ամենուր,  7-ից 8-րդ դարի եկեղեցու մասունքներ, քարանձավներ կան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված արժեքներ կան: Բայց ամենակարևորն այս առանցքում, ըստ Լիզա Գասպարյանի, մարդն է:

«Շիրակում ապրում են յուրատեսակ մարդիկ, իրենց խոսք ու զրույցով, հիմնականում Արևմտյան Հայաստանից գաղթած մեր նախնիները, որոնք իրենց հետ բերել են Մշո,Վանի, Բասենի Էրզրումի, Արդահանի մշակույթը: Գաստրոնոմիկ մշակույթը, անգամ սուրճ խմելու, հյուրասիրություն կազմակերպելու մշակույթը, որոնք տեսնելու ցանկություն զբոսաշրջիկները միշտ են ունենում:

Շիրակի գաստրոնոմիկ առանձնահատկությունները տարբերվող ու ընդգծած են: Քյալլա, խաշ,  որոշ գյուղերում գառան աղիքով ճաշատեսակներ են պատրաստում, չրով ճաշեր, փոխինձն է բավական բնորոշ մեր մարզին, անգամ չեչիլ պանիրը ունի յուրահատուկ համային երանգ, լավաշը շատ տարբեր է, որևէ այլ մարզում չես գտնի»:

Անկախ առաջարկից, սակայն, այս պահին տուրիզմը չունի պահանջարկ: COVID-19-ով տուրիզմի առջև փակված դռներն ավելի ամուր փակեց պատերազմը:

«2019-ը Շիրակի մարզի և Գյումրու համար տուրիզմի առումով լրջագույն տարի էր, թե՛ Գյումրու բրենդավորման, թե՛ առհասարակ մարքետինգի առումով Գյումրին բավական հաստատուն առաջ էր գնում: Գյումրին տարիներ շարունակ դուրս էր մնացել զբոսաշրջային երթուղիներից, տարիներ շարունակ արհամարհվել էր, չի խոսվել Գյումրու գրավչությունների մասին, որովհետև նաև մենք ինքներս գրագետ ու գեղեցիկ չենք կարողացել փաթեթավորել և ներկայացնել  Գյումրին, ինչն արվեց վերջին 3-4 տարում:

Մենք երբեմն զբոսաշրջության ոլորտի մասնագետներով կատակում էինք, թե Գյումրին գնալու է զբոսաշրջության առաջին տեղի մեդալը բերի: Բայց 2020-ի մարտից 1-ից մեր կյանքում հայտարարվեց քովիդային իրականություն, և հենց  այդտեղ մենք փակեցինք  տուրիզմի էջը»,-մեզ հետ զրուցում ասաց Լիզան՝ վստահությամբ, որ իրավիճակը կշտկվի, եթե յուրաքանչյուրն իր հերթին կրկին սկսի փոքր քայլեր անել այս ոլորտում:

«Սպասում էինք, որ կարանտինային վիճակը կանցնի և ներքին տուրիզմը կաշխուժանա, կդառնա ինքնաբավ, որովհետև միշտ փնփնթում էինք, թե վա՜յ, մեր գումարները տանում են թուրքական լողափերը, վրացական ծովափերը, և մտածում էինք, որ երկրի ներսում կմնա այդ գումարը, բայց ցավոք, դա չեղավ:

Նախ մարդկանց մոտ տնտեսական վատ վիճակ է, և հետո Գյումրին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին  է պահանջված լինում, որովհետև որպես քաղաքային քայլարշավային սիթի-տուր է պահանջված: Սեպտեմբերին էլ բախվեցինք առավել դաժան իրականության: 27-ին արթնացանք պատերազմով և տուրիզմն անցավ ընդհատակ: Եվ կյանքի բոլոր ոլորտների հետ տուրիզմն էլ դրեցինք մի կողմ:

Հիմա պատերազմից հետո, երբ պետք է շաունակենք ապրել, երկիր ֆինանսական հոսքի ապահովման միակ լույսն ու ճարը, հույսը տուրիզմն է: Գյումրիում շատ տնտեսվարողներ վարկեր վերցրեցին, տեսնելով թանգարանների բակերի, սրճարանների հերթերը, մտածեցին, որ ժամանակն է աշխատելու, հյուրատնային ծառայությունների մատուցման համար քայլեր ձեռնարկեցին և հիմա մարդիկ խնդիրների մեջ են:

Առաջարկել, որ նրանց վարկային արտոնություն տան,  մեր նման երկրի համար առնվազն հիմարությյուն և ոչ պրոֆեիսոնալ մոտեցում այս պահին, որովհետև մենք չունենք այդ բյուջեի առատությունն ու հնարավորությունը, որ ասենք, բոլոր խնդիրները լուծել, եկել հասել ենք տուրիզմին, հիմա էլ ասենք տվեք արտոնություն:

Հիմա կարծում եմ, որ ամենքս մեր տեղում, փոքր քայլերով պետք է էլի սկսենք, ճիգ ու ջանք չխնայենք ու աշխատենք թեկուզ սկսենք հայաստանյան դպրոցական էքսկուրսիաներով, թեթև փոքր բյուջենեով առաջարկություններ ներկայացնենք դպրոցներին:

Իսկ եթե դրսից ուզում ենք, որ մեծ գումար գա, մեծ գումար պետքէ ծախսենք մարքետինգի համար, տուրիզիմի արտաքին շուկայում, ինչպես արեց Թբիլիսին»,-վստահ է տուրիստական ընկերության տնօրենը:

Այստեղ չափազանց մեծ է Զբոսաշրջության պետական կոմիտեի դերը: Բայց ոչ թե պետք է մեկ-երկու բլոգերի հրավիրել և այդ մակարդակում ներկայացնել երկիրն, այլ, ըստ Գասպարյանի՝ առավել խորքային քայլեր անել, արտաքին կապերը հզորացնել, տարբեր կայուն ելքեր որոնել:

«Իհարկե, 2019-ին մի քանի բլոգերների հրավիրում էին, գալիս, նկարում, գնում էին, և այլն, բայց նրանց միջոցով թեթև է, այդ կերպ մենք աշխարհին ճանաչելի չենք դառնա, մենք լրջագույն բրենդավորման, ընկալման խնդիր ունենք, թե ով ենք մենք ուր ենք գնում:

Բացի առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգի,  այլ բրենդավորում , ապրանքանիշային որակ չունենք մենք ցավոք:

Հիմա վտանգավոր իրավիճակում ենք մի քիչ, մենք ասոցացվում ենք պատերազմող երկրի հետ, իսկ պատերազմը միշտ տուրիզիմի համար եղել և մնում է առաջնային, լրջագույն ռիսկը»,-ասում է Լիզա Գասպարյանը::

Բայց, անկախ այս ամենից, զբոսաշրջային ոլորտի որոշ մասնագետներ կարծում են, որ անկախ մեր ներքին խնդիրներից պետք է աշխարհին մեր փաթեթներն առաջարկելը շարունակենք, քանի որ դրսում մարդիկ ապրում են իրենց սովորական կյանքով և շարունակում են փնտրել հետաքրքրիր ու չբացահայտված երկրներ, որոնցից մեկը կարող է լինել և Հայաստանը:

Սամսոն Մատինյան, marzer.am, Շիրակի մարզ

Մեկնաբանել