«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը փետրվարի 15-ից մեկնարկում է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը, հանրապետության բոլոր մարզեր են ուղարկում դաբաղի դեմ պատվաստանյութերը: Համաճարակաբանները կստանան ինչպես պատվաստանյութերը, այնպես էլ բաշխման պլանները եւ ՊՈԱԿ-ի հետ համագործակցող անասնաբույժների միջոցով կբաշխեն դրանք, այնուհետեւ կսկսվեն պետպատվերով պատվաստումները՝ ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավորների համար: Ամբողջ տարվա ընթացքում պլանավորվում է խոշոր եղջերավորներ կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պատվաստում՝ 1 մլն 762 հազար 630 միջոցառում եւ մանր եղջերավորների համար 218 հազար 452 միջոցառում: Հնարավոր է, որ այդ միջոցառումների քանակն ավելանա, քանի որ Արցախից Հայաստան են տեղափոխվել կենդանիներ՝ խոշոր եւ մանր եղջերավորներ:
«Ըստ 2021-ի հունվարի 1-ի դրությամբ գյուղկենդանիների հաշվառուման տվյալների, մենք ունենք շուրջ 599 հազար 901 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ՀՀ-ում, դրանցից մոտ 261 հազարը՝ կթվող կովեր, մոտ 666 հազար էլ՝ մանր եղջերավորներ»,-ասում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բաժնի պետ Լեւոն Եղոյան
Կարեւոր է, որ դաբաղի դեմ պատվաստումն իրականացվի ճիշտ ժամանակին: Դաբաղի դեմ պատվաստումները կարեւոր են եւ ՛ տնտեսական, եւ ՛ առողջապահական տեսանկյունից: Դաբաղը տնտեսական տեսանկյունից ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է: Եթե աշխարհում որեւէ երկիր ճանաչվում է դաբաղի տեսանկյունից ոչ ապահով, անցնում է կարանտինային երկրների ցանկ, մսամթերքի, այլ կենդանիների առուվաճառքի շարժերը սկսում են կանգնել: Բացի այդ, կարող է տեղի ունենալ կենդանիների անկում, ինչն էլ հանգեցնում է տնտեսական խնդիրների, գլխաքանակի նվազեցման, կաթնատվատվության, մթերատվության անկման: Ուստի հորդորում ենք համայնքներին եւ անասնապահներին համագործակել ՊՈԱԿ-ի անասնաբույժների հետ եւ չխոչընդոտել պատվաստումներին:
Դաբաղի դեմ պատվաստումներն իրականացվում են երկու փուլով՝ աշնանային եւ գարնանային՝ 6 ամիսը մեկ: Իսկ ընթացիկ տարում ծնված հորթերը պատվաստվում են 4 ամսականից՝ 3 ամիսը մեկ՝ մինչեւ 18 ամսականը, որից հետո պատվաստումներն իրականացվում են 6 ամիսը մեկ հաճախականությամբ:
2021-ին եւս պետպատվերի շրջանակում պլանային պատվաստումներից բացի Հայաստանի Հանրապետությունում իրականացվելու են նաեւ գյուղատնտեսական բոլոր կենդանիների՝ մասնավորապես խոշոր եղջերավորների, մանր եղջերավորների եւ ձիերի ախտորոշիչ եւ կանխարգելիչ միջոցառումներ: Նախատեսվում են խոշոր եւ մանր եղջերավորների՝ բրուցելոզի, խոշոր եղջերավորների լեյկոզի եւ տուբերկուլինիզացիա ախտորոշիչ միջոցառումները, ինչպես նաեւ ձիերի խլնախ հիվանդության դեմ ախտորոշիչ միջոցառումը: Ինչ վերաբերվում է պլանային պատվաստումներին՝ իրականացվելու են նաեւ խոշոր եղջերավորների հակասիբիրախտային, խշխշան պալար եւ հանգուցավոր մաշկաբորբ հիվանդությունների դեմ պատվաստումներ:
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող բոլոր միջոցառումների համար վճարում է հենց ՊՈԱԿ-ը, անասնաբույժների մատուցած բոլոր միջոցառումներն անվճար են գյուղացիների համար:
Աղբյուր՝ news.am