
Լոռու մարզի Մեծավան համայնքը 5710 բնակիչ ունի: Գյուղը նախկինում կոչվել է Շահնազար: Այն հիմնադրվել է 1820 թվականին Ալաշկերտից և Մուշից գաղթած 69 ընտանիքների կողմից: Երբ ալաշկերտցիները եկել են այստեղ, տեղանքը եղել է անմարդաբնակ և կոչվել է Ղոշ-Քիլիսա` երկու հին և անծածկ եկեղեցի ունենալու պատճառով:
Այդ վանքերը այժմ էլ գոյություն ունեն` մեկը գործող և կանգուն, մյուսը` ավերակ: 1546 թ. կառուցված վանքերը վերանորոգվել են գաղթականների կողմից:

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ: Գյուղատնտեսական տեխնիկայի բացակայությամբ պայմանավորված, հողագործությունը գյուղում չի զարգացել:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Վարդանյանը Marzer.am-ի հետ զրույցում ասաց՝ կաթի մթերման խնդիրներ չկան: Կաթը մթերվում է Տաշիրում գործող կաթնամթերքի գործարանների կողմից, վերջին տարիներին նաեւ գյուղտեխնիկայի հարցն են լուծում՝ տարբեր ծրագրերով:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը վստահեցնում է՝ գյուղից արտագաղթ չկա, փոխարենը շատ են արտագնա աշխատանքի մեկնողները: Հիմնական ուղղությունը՝ Ռուսաստանի Դաշնություն. «Արտագաղթ մեր մոտ չի եղել, բայց խոպանչիներ միշտ են եղել: Այնպես չի, որ ինչ-որ մեկը ինչ-որ պատճառով արտագաղթել է, իսկ խոպանը եղել ու կլինի»:
Մեծավանում աշխատատեղեր չկան: Բնակչությունից շուրջ 40 հոգի աշխատում է համայնքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկներում՝ մանկապարտեզ, մշակույթի տուն, սպորտդպրոց, գյուղապետարան:
Համայնքը մանկապարտեզը թեպետ ունի, սակայն ներկայումս այն չի գործում: Արման Վարդանյանն ասում է՝ նպատակ ունեն այն վերանորոգել, նաեւ 2-րդ մանկապարտեզ բացել Մեծավան խոշորացված համայնքի Միխայլովկա բնակավայրում: Խոշորացված համայնքի մեջ, բացի Միխայլովկայից, ընգրկված են նաեւ Պաղաղբյուր եւ Ձյունաշող համայնքները:
Համայնքի թիվ մեկ խնդիրն, ըստ նրա, համայնքը զարգացնելն է. «Նախորդ տարիներին սուբվենցիոն ծրագրերին ենք մասնակցել, այս տարի էլ կմասնակցենք, գյուղտեխնիկա էլ ենք ձեռք բերել, նպատակը՝ գյուղը զարգացնել, որ երեխեքը լավ ապրեն»:
Գյուղի բյուջեն շուրջ 220 մլն դրամ է: Գլխավոր ճանապարհները թեպետ ասֆալտապատ են, սակայն երկրորդական ճանապարհները հիմնականում գրունտային ու անբարեկարգ են: Բնակիչներն ասում են՝ հիմնական ուշադրությունը գյուղի կենտրոնական հատվածին է դարձվում: Հույս ունեն՝ մի օր էլ գյուղի վերին հատվածներ տանող ճանապարհները կնորոգվեն:
Մեծավան խոշորացված համայնքը 2 դպրոց ունի: Դպրոց կա նաեւ Ձյունաշող եւ Միխայլովկա համայնքներում: Պաղաղբյուրի դպրոցն էլ տարիներ առաջ փակվեց՝ աշակերտների նվազ թվի պատճառով:
Առաջիկայում, Արման Վարդանյանի վստահեցմամբ՝ նպատակ ունեն համայնքը նաեւ զբոսաշրջային կենտրոն դարձնել. «2 տարի առաջ մեծ փառատոն կազմակերպեցինք, բնական մեծ լճեր ունենք: Նպատակ ունենք տուրիզմը այդտեղ զարգացնել՝ լճի ափին, բնության գրկում»:
Marzer.am
