Հայաստանում առաջիկայում գնաճը որոշակի կավելանա, ապա աստիճանաբար նվազելով՝ կանխատեսվող հորիզոնում կկայունանա։ 2021 թվականի փետրվարի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԲ խորհրդի նիստ։
ԿԲ-ն տեղեկացնում է, որ նիստին մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսե Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արթուր Ստեփանյանը, Օլեգ Աղասյանը, Հովհաննես Խաչատրյանը, Դավիթ Նահապետյանը:
Խորհրդի նիստը սկսվել է փետրվարի 2-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ:
Քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային, ֆինանսական եւ դրամավարկային հատվածների զարգացումները` աշխարհում դեռեւս պահպանվող համավարակի եւ տնտեսական հեռանկարների հետ կապված առկա անորոշությունների ազդեցության համատեքստում:
Արձանագրվել է, որ 2020 թվականի դեկտեմբերին գրանցվել է 3.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն էականորեն ավելացել է եւ տարեվերջին կազմել 3.7%՝ առավելագույնս մոտենալով նպատակային ցուցանիշին: Ամսվա գնաճը պայմանավորվել է հիմնականում «Սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբի գների 7.2% աճով, որի կառուցվածքում առավել արագ աճել են ներմուծված պարենային ապրանքների գները: Դեկտեմբերին ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2.3%, իսկ ծառայությունների սակագները՝ 0.3%-ով: Ընդհանուր գնաճին զուգահեռ ավելացել է նաեւ 12-ամսյա բնականոն գնաճը, որը դեկտեմբերի վերջին կազմել է 3.6%։
Ներկայացվել են 2021 թվականի հունվարին արտաքին հատվածի զարգացումները եւ արձանագրվել, որ դրանք հիմնականում ընթացել են ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2020 թվականի չորրորդ եռամսյակի ծրագրում նախանշված սցենարին համահունչ, որի համաձայն դիտվում են համաշխարհային տնտեսական ակտիվության եւ պահանջարկի վերականգնման միտումներ: Դա ՀՀ հիմնական գործընկեր երկրներից արտահայտվել է ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, իսկ Եվրոգոտում վերականգնումն ընթանում է սպասվածից դանդաղ տեմպերով՝ պայմանավորված համավարակի հաղթահարման նպատակով կիրառվող սահմանափակումների երկարաձգմամբ: Միաժամանակ, ապրանքահումքային հիմնական շուկաներում շարունակվել են գնաճային միտումները՝ արձագանքելով համաշխարհային պահանջարկի վերականգնման սպասումներին եւ դրսեւորված մի շարք առաջարկի գործոններին։ Նման միտումները փոխանցվել եւ արտահայտվել են նաեւ գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձեւավորմամբ:
Այնուամենայնիվ, քանի որ ԱՄՆ-ում եւ Եվրոգոտում գնաճը դեռեւս պահպանվում է նպատակային ցուցանիշից ցածր, այդ երկրների ԿԲ-ները կշարունակեն վարել խթանող դրամավարկային քաղաքականություն, իսկ Ռուսաստանի ԿԲ-ն գնաճի արագացումից ածանցվող գնաճային սպասումները զսպելու նպատակով, ըստ ՀՀ ԿԲ գնահատականների, տարվա ընթացքում կփոքրացնի դրամավարկային քաղաքականության խթանման չափը:
ՀՀ տնտեսական իրավիճակի մասով քննարկվել են չորրորդ եռամսյակի զարգացումները եւ ամփոփվել են տնտեսական ակտիվության տարեկան արդյունքները: Արձանագրվել է, որ համավարակի բռնկված նոր ալիքի, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության եւ դրանց ներքո՝ տնտեսական զարգացման հեռանկարների հետ կապված անորոշությունների ավելացման հետեւանքով չորրորդ եռամսյակում արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն եւ պահպանվել թույլ ներքին պահանջարկ:
Արդյունքում, 2020 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով՝ հիմնականում պայմանավորված տարվա ընթացքում ծառայությունների ոլորտի եւ շինարարության ճյուղի մեծ անկումներով: Ներքին թույլ պահանջարկի ձեւավորման վրա առավելապես ազդել է մասնավոր սպառման զգալի նվազումը, որն էլ իր հերթին պայմանավորվել է առկա մեծ անորոշությունների պարագայում հասարակության նախազգուշական վարքագծով, ինչպես նաեւ հատկապես վերջին ամիսներին արձանագրվող վարկավորման աճի տեմպերի դանդաղմամբ: Մշտադիտարկման արդյունքում գնահատվում էր, որ պահպանվող անորոշությունների եւ ռիսկերի պայմաններում 2021 թվականի սկզբին նշված միտումները կշարունակվեն եւ բացասական ազդեցություն կունենան ներքին պահանջարկի վրա։
Միաժամանակ, չորրորդ եռամսյակում Կառավարությունը շարունակել է իրականացնել խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ արտերկրից ստացված դրամական փոխանցումները սպասվածից ավելի շատ են եղել, որոնք որոշ չափով մեղմել են վերոնշյալ գործոնների բացասական ազդեցությունը։ Արձանագրվել է, որ ստեղծված իրավիճակում ձեւավորվել են զգալի ռիսկեր տնտեսության երկարաժամկետ ներուժային աճի հնարավորությունների տեսանկյունից, ուստի, այս համատեքստում, Խորհուրդը կարեւորում էր հարկաբյուջետային քաղաքականության համապատասխան ծախսային ռազմավարության որդեգրումը, որը, Կառավարության կողմից ձեռնարկվելիք այլ կառուցվածքային բարեփոխումների հետ միասին, ուղղված կլինի տնտեսական ներուժի վերականգնմանը:
Խորհուրդը նաեւ անդրադարձել է չորրորդ եռամսյակում եւ առաջիկայում ՀՀ տնտեսությունում գնաճային սպասումների հնարավոր զարգացումներին։ Նշվել է, որ բարձր գնաճը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով՝ մասնավորապես ներմուծվող մի շարք պարենային ապրանքների գների աճով: Միաժամանակ, գնաճին զուգահեռ որոշակի ավելացող գնաճային սպասումները գնահատվում են կառավարելիության տիրույթում եւ հիմնականում խարսխված են:
Խորհուրդը քննարկել է հունվարին ՀՀ ֆինանսական շուկայում ձեւավորված իրավիճակը եւ արձանագրել, որ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները համապատասխանորեն արձագանքել են նախորդ տարվա վերջին ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացմանը՝ ձեւավորվելով հիմնականում դրա շուրջ: Տոկոսադրույքների բարձրացում է դիտվել նաեւ պետական պարտատոմսերի շուկայում, որտեղ եկամտաբերություններն աճել են կորի ողջ երկայնքով:
Միաժամանակ, որպես դրական արդյունք արձանագրվել է միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի նվազումը, ինչի մասին է վկայում նաեւ հունվարին տեղաբաշխված ՀՀ եվրոպարտատոմսերի ձեւավորված բավականին ցածր եկամտաբերությունը: Քննարկումը փաստեց, որ, չթերագնահատելով շուկայի համընդհանուր բարենպաստ միջավայրի գործոնի առկայությունը, ցածր եկամտաբերությունը արտացոլում է նաեւ միջազգային ներդրողների վստահությունը երկրի մակրոտնտեսական կայունության եւ այն ապահովող ինստիտուտների նկատմամբ՝ որպես երկարաժամկետ հիմնարար գործոն։
Ուստի գնահատվում է, որ ռիսկի հավելավճարի նվազումը հիմնականում չի կրի կարճաժամկետ բնույթ: Արձանագրվել է նաեւ, որ չորրորդ եռամսյակում բանկային համակարգում վարկերի եւ ավանդների տոկոսադրույքները դեռեւս չեն արձագանքել միջբանկային ու արժեթղթերի շուկաներում տոկոսադրույքների փոփոխությանը՝ ցուցաբերելով հիմնականում կայուն վարքագիծ, իսկ բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճի տեմպերը որոշ չափով դանդաղել են՝ պայմանավորված առավելապես սպառողական վարկերի նվազմամբ։
Իրավիճակային հաշվետվության եւ արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցել է դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Հաշվի առնելով մի կողմից արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցություններն ու ՀՀ տնտեսությունում գնաճային սպասումների որոշ չափով արագացումը, իսկ մյուս կողմից թույլ պահանջարկի պահպանումն ու միջազգային շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի նվազումը՝ Խորհրդի քննարկմանն է ներկայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու առաջարկ:
Խորհրդի բոլոր անդամներն էլ ընդունել են, որ վերը թվարկված գործոններն առկա են, սակայն տարակարծիք են եղել դրանց հետագա զարգացումների եւ գնաճի վրա ազդեցության չափի հարցում: Խորհրդի անդամների մի խումբ գտնում էր, որ, չնայած պահպանվող թույլ պահանջարկին եւ առաջարկի գործոններով պայմանավորված բարձր գնաճին, գնաճային սպասումները որոշ չափով արագանում են, ինչի ուղղությամբ ԿԲ-ն պետք է արտահայտի իր դիրքորոշումը՝ տոկոսադրույքի փոքր քայլով բարձրացմամբ: Իսկ Խորհրդի առանձին անդամներ առաջարկել են տոկոսադրույքի ավելի մեծ քայլով բարձրացում, որը հիմնավորվել է արտաքին հատվածից առաջիկա տարում պարենային ապրանքների գների սպասվող աճի եւ դրանց ազդեցությամբ ՀՀ-ում գնաճային սպասումների արագացման, միջազգային շուկայում երկրի ռիսկի հավելավճարի նվազման կարճաժամկետ բնույթի եւ ՀՀ տնտեսության ներուժային մակարդակի էական կրճատման վերաբերյալ դատողություններով:
Արդյունքում, ԿԲ խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացնելու որոշում, ինչպես նաեւ ամրագրել է, որ հետեւողական կլինի համարժեք գործողություններով գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ չեզոքացնելու գործում: Նման պայմաններում, ըստ ԿԲ գնահատականների, առաջիկայում գնաճը որոշակի կավելանա, ապա աստիճանաբար նվազելով՝ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
Միաժամանակ, ԿԲ Խորհուրդն արձանագրել է, որ տնտեսական հեռանկարների բարձր անորոշության ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, իսկ դրանց դրսեւորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:
Խորհուրդը հաստատել է ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը եւ առաջարկվող մամուլի հաղորդագրությունը, որոնք կցվում են: