Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզի 39 համայնք ընդգրկվել է ՀՀ սահմանամերձ համայնքներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրում:
Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ նշելով, որ տարվա կտրվածքով սոցիալական աջակցության ծրագրերի համար կնախատեսվի մոտ 1 միլիարդ դրամի չափով գումար:
Ցանկում չեն ներառվել Սյունիքի մի շարք համայնքներ, ինչը բնակչության դժգոհությունն է առաջացրել: Խոսքը, մասնավորապես՝ Խնձորեսկի, Քարահունջի մասին է: Այս համայնքները ծրագրում չեն ընդգրկվել:
ինպես տեղեկացնում է aravot.am-ը, Դավիթ Խաչատրյանի խոսքով, համայնքներն ընտրվում են համապատասխան մեթոդաբանությամբ, չափումները կատարվում են համայնքից մինչեւ համայնքի վերջին բնակելի տունն ընկած տարածքը: «Կոնկրետ նշված համայնքները՝ Խնձորեսկի, Քարահունջի դեպքում այդ տարածությունն ավելին է, քան սահմանված տարածությունը: Թեպետ, ահազանգերից հասկացանք, որ գյուղական բնակավայրերում կան գյուղական նշանակության հողատարածքներ, որոնք շատ ավելի մոտ են սահմանին: Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար բավական ռիսկային է: Հետեւաբար, մենք քննարկում ենք սահմանամերձ համայնքների ցանկն ընդլայնելու տարբերակը»,- ասաց պարոն Խաչատրյանը:
Սոցապի պաշտոնյան ասաց, որ սոցիալական աջակցությունից, ընդհանուր առմամբ, օգտվելու է շուրջ 77 հազար քաղաքացի: 63 հազար քաղաքացի բնակվում են մինչ այս ծրագրում ընդգրկված Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի 38 համայնքներում, իսկ 14 հազարը՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզի եւս 39 համայնքում: Սոցիալական աջակցությամբ նախատեսվում է փոխհատուցել նշյալ բնակավայրերում ապրող բնակիչների անշարժ գույքի հարկը, 50 տոկոսով էլ կփոխհատուցվեն 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։ Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։