20 տարի տեւած դադարից հետո Արեւաշատ համայնքը կրկին մանկապարտեզ կունենա. համայնքի փոքրիկներին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կընձեռվի 2020 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակում:
Ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի երկու փուլով: Առաջին փուլում կկատարվեն հողային աշխատանքներ, կպատրաստվեն միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներ, կկառուցվի տանիքը, կտեղադրվեն դռներն ու պատուհանները: Իսկ երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել ներքին եւ արտաքին կոյուղու անցկացում, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, ջեռուցում եւ ընդհանուր հարդարում:
Մանկապարտեզի կառուցման ծրագրի առաջին փուլի ընդհանուր բյուջեն կազմում է 64 մլն 283.67 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եւ համայնքի մասնակցությունը 50% է` 32 մլն 141.835 հազարական դրամ: Երկու ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 122 մլն 648.220 հազար դրամ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կկառուցվի մեկհարկանի, ժամանակակից բոլոր հարմարություններով եւ գույքով ապահովված մանկապարտեզ` ավելի քան 80 երեխայի համար:
Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 15 ժամանակավոր, իսկ ավարտին` 12 հիմնական աշխատատեղ: