Գեղարքունիքի մարզում տեղացած ձյան պատճառով Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին դժվարանցանելի իրավիճակ է առաջացել, որը հաղթահարվում է սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող մաքրման եւ մշակման աշխատանքների շնորհիվ։
Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության վարչության պետ Գեւորգ Խաչատրյանը, ձյան շերտը Գավառի, Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջաններում կազմել է 15-20, Մարտունու եւ Վարդենիսի տարածաշրջաններում՝ 30-40, բարձրլեռնային բնակավայրերում՝ մինչեւ 50 սանտիմետր։ «Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներն ընթացել են հունվարի 18-ից եւ այժմ էլ ընթացքի մեջ են։ Հունվարի 20-ի կեսօրվա դրությամբ մաքրման եւ մշակման աշխատանքները ավարտվել են միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին, այժմ դրանք ընթանում են մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին։ Գործի են դրվել բոլոր տեխնիկական միջոցները։ Աշխատանքների ծավալը մեծ է Վարդենիսի տարածաշրջանում եւ բարձրլեռնային այն բնակավայրերում, որտեղ գրանցվել են ձյան առավելագույն տեղումներ։ Կարեւորն այն է, որ մարզում փակ ճանապարհներ չկան, իսկ դժվարանցանելիությունը օրվա ընթացքում հաղթահարվում է»,- հավաստեց Գեւորգ Խաչատրյանը: