«Դրանից հետո մեր մասնագետներն սկսել են թաղամասի հատակագծման աշխատանքները: Հունվարի 29-ին փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ Կապանում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ընդլայնված խորհրդակցություն, որտեղ որոշվել են մի շարք անհետաձգելի քայլեր, որոնք իրականացվում են այսօր: Այս ամսվա սկզբից մեկնարկել են նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները: Առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն 13 բնակելի տների շինաշխատանքները:
Յուրաքանչյուր տան հետ զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքները, որոնք կազմակերպված են այնպես, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման ու բնակեցման գործընթացը»,- ասաց Ղուլարյանը:
Նա հավելեց, որ ընդհանուր ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում: «Առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 տուն ու ճանապարհն առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլով կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքները՝ 2022 թվականին, և երրորդ փուլով մտածում ենք, որ կարող է անհրաժեշտություն լինի հասարակական, արտադրական նշանակության որոշ կառույցներ հիմնել: Դրանք կլինեն 2022-2023 թվականներին: Առաջին երկու փուլերի գնահատականով՝ կկազմի մոտ 700 մլն դրամ»,- ընդգծեց Ղուլարյանը՝ ավելացնելով, որ այսօր ընդունվող կառավարության որոշմամբ նախատեսվում է պահուստային ֆոնդից 2021-ին Քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 470 մլն դրամ Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով: