Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի երրորդ նիստը տեղի է ունենալու փետրվարի 19-ին: Աշխատանքային խումբը ղեկավարում է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։ Կառավարության նիստում նա նշեց, որ ներկա դրությամբ բնակչությանը հուզող հիմնական հարցն անվտանգության միջավայրի ապահովումն է, որի հետ կապված Զինված ուժերի գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունը եւ ԱԱԾ սահմանապահ զորքերն աշխատում են։
«Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ քննարկում ենք Սյունիքի մարզի բնակավայրերում քաղպաշտպանության հենակետերի տեղադրման հետ կապված հարցերը եւ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի խնդիրը, քանի որ ձմռան ամիսներին հաճախակի տեղի են ունենում ճանապարհների փակման հարցեր։ Շուռնուխ բնակավայրում իրենց տները կորցրած ընտանիքների համար կառուցվում է նոր թաղամաս, միաժամանակ իրենք պետության կողմից աջակցություն կստանան մինչեւ իրենց բնակարանների կառուցումը»,- ասաց Ղուկասյանը: