Գլխավոր Արտակարգ Քաջարանում սպանության հատկանիշներով հարուցվել է քրգործ

Քաջարանում սպանության հատկանիշներով հարուցվել է քրգործ

0

2021թ. փետրվարի 18-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում հայտնաբերվել է նույն շենքի 58-ամյաբնակչի դիակը՝ գլխի եւ մարմնի այլ հատվածներում բազմաթիվ քերծվածքներով եւ արյունազեղումներով, ձեռքերը կպչուն ժապավենով կապված վիճակում:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական տվյալներով, 2021թ. փետրվարի 18-ին` ժամը 00:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 58-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ հասցնելուց հետո նրան թողել են վերոհիշյալ շենքի նկուղային հարկում, այնուհետեւ՝ վերջինիս ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելուց հետո, ապօրինի մուտք են գործելով նրա նույն շենքում գտնվող բնակարան, եւ հափշտակել սպանված տղամարդու որդուն պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդերը:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 8-րդ  կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի եւ դիակի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական, մատնադրոշմային փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Հետաքննության մարմնին  հանձնարարություն է տրվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Մեկնաբանել