Գլխավոր Հասարակություն Աջակցությունից չեն կարող օգտվել արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք. ինչո՞ւ

Աջակցությունից չեն կարող օգտվել արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք. ինչո՞ւ

0

ՀՀ կառավարության որոշմամբ՝ մարտի 15-ից արցախցիներին եւս 4 ամսով կտրամադրվի 68 հազար դրամի չափով միանվագ դրամական աջակցություն:

Ծրագրից կօգտվեն Արցախի այն քաղաքացիները, որոնք 2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով տեղահանվել են իրենց ապրելու վայրից եւ փաստացի գտնվում են Հայաստանի տարածքում կամ վերադարձել են Արցախ, ունեն Արցախի հաշվառում: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Սակայն որոշումից պարզ է դառնում, որ աջակցությունից չեն կարող օգտվել արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք, ինչն էլ հանրության շրջանում դժգոհությունների ու տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: Շատերը Կառավարությանը մեղադրում են խտրականության համար:

Աշխատանքի եւ սոցիալական նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը պարզաբանեց՝ տղամարդիկ, որոնք աջակցությունից օգտվել չեն կարող, փաստորեն, օգտվում են ոչ միայն նախարարության կողմից իրականացվող աջակցության այլ միջոցառումներից, նաեւ տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերից:

Այդ անձինք օգտվում են, օրինակ, նախարարության կրթական պրակտիկայի ծրագրից, եւ նրանց ամսական վճարվում է 100 հազար դրամ: 2-րդ միջոցառումից նույնպես օգտվում են, որը վերաբերում է Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում հաշվառված եւ վերջին երեք ամսում փաստացի բնակված քաղաքացիներին։ Նրանք նաեւ ներգրավվում են համայնքներում օրավարձով հասարակական աշխատանքներին։ Զբաղվածության ծրագրերի հիմնական շահառուները նույնպես նրանք են: Բացի դրանից՝ այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի մասնակից են, օրինակ, ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվում է բուհերում սովորող երիտասարդների վարձի 100 տոկոսի փոխհատուցում եւ այլն»,- նշեց խոսնակը:

Հավելենք, որ Արցախի քաղաքացիները ամսական 68 հազար դրամի աջակցության ծրագրից օգտվելու համար փետրվարի 25-ից պետք է սոցիալական ապահովության ծառայության կայքի՝ ssa.am-ի համապատասխան բաժնում լրացնեն իրենց անձնական տվյալները: Եթե քաղաքացու դիմումը բավարարվում է, նրա տվյալները փոխանցվում են «Հայփոստ», հաջորդող օրն էլ սոցիալական ապահովության ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարով հաղորդագրությամբ տեղեկացնում է շահառուներին։

Մեկնաբանել