
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արեքեպիսկոպոս Ադամյանի, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատար Սերգեյ Վլասովի եւ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ միասին այսօր ԿԳՄՍ նախարարության Արմավիրի մարզային գրադարանում ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառմանը, որի սկիզբն ազդարարվել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի եւ Արմավիրի մարզպետարանի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրմամբ:
Հուշագրի կարեւորագույն նպատակներից է աջակցել Ռուսաստանի եւ Հայաստանի պատմության ու մշակույթի հանրահռչակմանը, երկու ժողովուրդների պատմական ժառանգության եւ մշակութային արժեքների պահպանությանը, ինչպես նաեւ ամրապնդել մշակութային եւ գործարարական փոխադարձ կապերը` հայ եւ ռուս հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ միջազգային համաժողովներ ու գիտաժողովներ կազմակերպելու եւ իրականացնելու միջոցով:

Շնորհավորելով միջոցառման մասնակիցներին օրվա առթիվ եւ առանձնակի շնորհակալություն հայտնելով «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրենին՝ փոխգործակցության արդյունավետ մեկնարկի համար` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նախ անդրադարձել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կարեւոր դերակատարմանը սերունդների հայեցի կրթության եւ դաստիարակության գործում` միեւնույն ժամանակ ընդգծելով նրա թողած հարուստ գրական ժառանգության էական դերն ու նշանակությունը:
Անդրադառնալով փոխգործակցության հուշագրին` մարզպետը նշել է, որ այն լոկ փաստաթուղթ չէ. այն իր մեջ ներառում է բարձր աշխատանքային եւ մարդկային հարաբերությունների հիման վրա նոր հեռանկարներ ունեցող մի ծրագիր, որն, ըստ նրա, արդյունավետ ընթացք է ստանալու:
Իր հերթին ողջունելով ներկաներին եւ գոհունակություն հայտնելով հաճելի օրվա համար՝ Վահրամ Կարապետյանն անդրադարձել է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, եւ այն գալիք սերունդներին փոխանցելու երկկողմ պատրաստակամությանը: Այդ համատեքստում նա կարեւորել է մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի աջակցությամբ փետրվարի 1-ից մարզային գրադարանում ռուսաց լեզվի անվճար դասընթացների կազմակերպումը եւ հույս հայտնել, որ այն տարածում կունենա մարզի այլ համայնքներում եւս:
Ցերեկույթին Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործություններն ասմունքի եւ բեմադրության միջոցով ներկայացրել են Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոցի սաները, գրադարանում անցկացվող ռուսաց լեզվի դասընթացներին մասնակցող աշակերտները, գրադարանի հավատարիմ ընթերցողներն ու ստեղծագործողները:
Միջոցառումն ամփոփվել է միմյանց գիրք նվիրելով: Իսկ «Դոմ մոսկվին» էլ գրադարանին է նվիրաբերել մեծ քանակությամբ գրքեր` գրքային ֆոնդը հարստացնելով նոր հավաքածուով: