Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Լուրջ ակնկալիքներով տարի․ Գեղարքունիքի մարզպետը՝ երիտասարդներին

Լուրջ ակնկալիքներով տարի․ Գեղարքունիքի մարզպետը՝ երիտասարդներին

0

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Սեւան քաղաքի մշակույթի պալատում «Սեւան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հանդիպում ունեցավ Սեւանի տարածքի հասարակական կազմակերպությունների, երիտասարդ նախաձեռնողների եւ կրթամշակութային ոլորտի աշխատակիցների հետ։
Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց «Սեւան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը, նախաձեռնությունը իրականացվել է կազմակերպության «Նկուղ-հարթակ» ծրագրի շրջանակներում, որտեղ հաճախակի են կազմակերպվում հանրային նշանակության հանդիպումներ պաշտոնատար անձանց հետ։
Կարեւորելով նման հանդիպումների անհրաժեշտությունը՝ մարզպետ Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ հանրային ոլորտի ներկայացուցիչների հետ կենդանի շփումներն ու զրույցները նպաստելու են ընդհանուր հիմնախնդիրների քննարկմանն ու կարգավորմանը, նոր նախաձեռնությունների ընդունմանն ու իրականացմանը, տնտեսության, մշակույթի, կրթության, սպորտի, այլ բնագավառների զարգացմանը։
Ապա մարզպետը հանդիպման մասնակիցների խնդրանքով ներկայացրեց Գեղարքունիքի մարզի զարգացման ընդհանուր տեսլականը, վերջին երկու տարիների ընթացքում մարզում իրականացված աշխատանքները։
«Գեղարքունիքի մարզի զարգացման գերակա ուղղությունները մնում են գյուղատնտեսությունը, տուրիզմը եւ այլընտրանքային էներգետիկայի արտադրությունը։Սակայն մեր առաջնահերթ խնդիրը եղել եւ մնում է ենթակառուցվածքների զարգացումը, առանց որի անհնար է զարկ տալ տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը։
Մեր մարզը 2019 եւ 2020 թվականներին առաջատարն է եղել Հայաստանի Հանրապետությունում սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով։ Հսկայական աշխատանք է կատարվել ճանապարհների, խմելու եւ ոռոգման ջրատարների, լուսավորության ցանցերի, մանկապարտեզների, մշակույթի տների կառուցման կամ հիմնանորոգման ուղղություններում, սակայն դեռեւս մեծ ծավալի աշխատանքներ ունենք իրականացնելու՝ տարիներ ի վեր կուտակված հիմնահարցերը կարգավորելու, համար։

Մարզի տնտեսությունը զարգացնելու համար այժմ մենք պետք է առաջնորդվենք երկու տեսլականով։ Առաջինը կրթության զարգացումն է, երկրորդը՝ Սեւանա լճի առկայությունը։

Եթե մենք չապահովենք որակյալ ու արդի աշխարհին համահունչ կրթություն, ապա չենք կարող զարգացնել տնտեսության բոլոր ճյուղերը։ Իսկ տնտեսության զարգացման ցանկացած ծրագիր մշակելիս պետք է հաշվի առնենք Սեւանա լճի բնապահպանական գործոնը։
Մի խոսքով, մեզ տնտեսական ու աշխատանքային ծանրաբեռնված տարի է սպասվում՝ լուրջ ակնկալիքներով»,-ներկայացրեց Գնել Սանոսյանը։
Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին մի շարք նախաձեռնություններ՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, Սեւան քաղաքում այլընտրանքային կրթական ու նախակրթական հաստատությունների բացման, տուրիզմի տարբեր ճյուղերի, ջրային մարզաձեւերի, հյուրատնային բիզնեսի զարգացման, ապաստարանների ստեղծման, մարզի դպրոցներում մարզաձեւերի զարգացման, արվեստի խմբակների ստեղծման կամ ավելացման, գյուղմթերքների իրացման, արտագաղթի նվազեցման կամ կանխման ու տարաբնույթ այլ հարցերի հետ։
Գնել Սանոսյանը պատասխանեց նաեւ ներկաների բազմաբնույթ հարցերին։

 

 

Մեկնաբանել