Գլխավոր ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Դավիթ Բեկի դպրոցից քանի՞ աշակերտ է հեռացել

Դավիթ Բեկի դպրոցից քանի՞ աշակերտ է հեռացել

0

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ սահմանամերձ գյուղի դպրոցում սովորողներից եւ ոչ մեկը չի հեռացել դպրոցից։ Այս մասին marzer.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց դպրոցի ուսումասվար Անտիկա Ղոնյանը։ Հիշեցնենք, որ մամուլում տարածված լուրերի համաձայն, միայն անցած շաբաթ դպրոցից 20 երեխա է տեղափոխվել այլ բնակավայրեր, քանի որ դավիթբեկցի ընտանիքները լքում են գյուղը։

«Դպրոցում 34 աշակերտ  է սովորում․ 11 տղա, 23 աղջիկ։ Սեպտեմբերին, մինչեւ պատերազմը 3 երեխա տեղափոխվել են Արծվանիկի դպրոց, քանի որ նրանց ծնողները մշտական բնակություն են հաստատել այդ գյուղում»,–ասաց տիկին Ղոնյանը։ Վերջինս հավաստիացրեց, որ բոլոր աշակերտները հաճախում են դպրոց, ուսումնական պրոցեսը բնականոն ընթանում է։

Տիկին Ղոնյանն ինքն իր ընտանիքով Դավիթ Բեկում է ապրում եւ հերքեց, թե որեւէ մեկը լքել է գյուղը։ «Ոչ ոք մտադիր չէ լքելու Դավիթ Բեկը, միայն տնտեսական մի քանի խնդիր պետք է լուծվի, գազաֆիկացում, աշխատատեղեր եւ այլն»,–ասաց տիկին Ղոնյանը։

 

Մեկնաբանել