Գլխավոր Հասարակություն Մեղրիի քաղաքապետի պաշտպանը հույս ունի, որ վերադաս դատախազը կվերացնի ապօրինությունը

Մեղրիի քաղաքապետի պաշտպանը հույս ունի, որ վերադաս դատախազը կվերացնի ապօրինությունը

0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քրեական գործ է հարուցվել Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի նկատմամբ ու որպես խափանման միջոց կիրառվել է գրավ՝ 4 մլն դրամ։ Մեղրիի քաղաքապետը marzer.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը որպես համայնքի ղեկավար իր գործառույթն է արել՝ ապահովվելով տեղական բյուջեի մուտքերը։ «Ավելի աբսուրդ բան չէի պատկերացնի, կարծում եմ գոնե դատարաններն անաչառ կգտնվեն ու կարդարացնեն ինձ։ Մարդուն չեմ մեղադրում աշխատելու համար»,–ասաց Մխիթար Զաքարյանը։

Վերջինիս փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով մեղադրանքին՝ գրել է․« Մեղադրանքի ձեւակերպման մեջ դատախազությունը նշել է, որ նախքան Մխիթար Զաքարյանի կողմից համայնքի ղեկավար ընտրվելը, Ագարակ քաղաքի բնակիչը հաղթելով 16.02.2007 թվականին տեղի ունեցած մրցույթում, վարձակալության իրավունքով, տարեկան 18000 դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը, որը համայնքի այդ ժամանակվա ղեկավարի որոշման եւ կնքված պայմանագրի հիման վրա ենթավարձակալության է տրամադրվել հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր ընկերության՝ տարեկան 600․000 դրամ վարձավճարով եւ վերջինիս վրա ընկերությունը, հողի նպատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:

Ինպես նկատեցիք, մինչ այս պահը տեղի ունեցած իրադարձությունների հետ Մխիթար Զաքարյանը որեւէ կապ եւ առչություն չունի, քանի որ այդ ժամանակ չի հանդիացել համայքնի ղեկավարը։

Սակայն շարունակելով մեղադրանքը, դատախազությունը դրանում նշել է, թե արդեն 2008թ. նոյեմբերի 13-ից Ագարակ համայնքի նոր ղեկավար հանդիսացող Մխիթար Զաքարյանը, տեղեկանալով, որ այդ հողակտորն օգտագործվում է ոչ նպատակայի նշանակությամբ, որ դրա վրա ապօրինի կարգով շարժական կապի բջջային կայան է կառուցված, չի կատարել այդ ապօրինի հողօգտագործումը կասեցնելու կամ վերացնելու իր լիազորությունը, մասնավորապես՝ միակողմանի չի խզել համայնքի եւ քաղաքացու միջեւ կնքված վարձակալության պայմանագիրը, այլ դրա փոխարեն համայնքի անունից քաղաքացու հետ կնքվել է համաձայանագիր, որի համաձայն վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը տարեկան 18․000 դրամի փոխարեն սահմանել է 300․000 ՀՀ դրամ, որը մի քանի տարի շարունակ վճարվել է համայնքի բյուջե։

Նշված ձեւակերպումից էլ ակնհայտ է, որ Մխիթար Զաքարյանի գործողությունների հետեւանքով համայնքի բյուջե ամեն տարի 18․000 դրամի փոխարեն վճարվել է 300․000 Հ դրամ գումար։

Սակայն այս ամենի հիման վրա դատախազությունը եզրակացրել է, որ 2008թ․ նոյեմբերի 13-ից մինչեւ 2021թ․ հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7․350․000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3․657․000 ՀՀ դրամ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3․692․000 ՀՀ դրամ։

Այսինքն, ստացվում է, որ ըստ դատախազության տրամաբանության, եթե Մխիթար Զաքարյանը կատարեր մեղադրանքում նշված գործողությունները, այն է՝ միակողմանի խզեր քաղաքացու հետ կնքած վարձակալության պայմանագիրը եւ կասեցներ ու վերացներ ապօրինի հողօգտագործումը, ապա այդ ժամանակահատվածում համայնքի բյուջե ավելի շատ գումար կվճարվեր, այսինքն՝ կվճարվեր նաեւ որպես ծանր վնաս գնահատված 3․692․000 ՀՀ դրամը։

Ակնհայտ է, որ նույնիսկ իրավաբանական կրթություն չունեցող ցանկացած անձ կարող է հասկանալ այս պարզ տրամաբանությունը, որ եթե Մխիթար Զաքարյանը կատարեր դատախազության նշած գործողությունները՝ խզեր այդ վարձակալության պայմանագիրը եւ վերացներ այդ ապօրինի հողօգտագործումը, ապա համայքնի բյուջե ոչ միայն այդ ծնար վնաս գնահատված 3․692․000 ՀՀ դրամը չէր վճարվելու, այլեւ չէր վճարվելու նաեւ այդ վարձակալության արդյունքում արդեն իսկ վճարված 3․657․000 ՀՀ դրամ գումարը։

Այսինքն, փաստացի ստացվում է, որ այդ ենթադրյալ լիազորությունները չկատարելու հետեւանքով Մխիթար Զաքարյանը ոչ թե վնաս է պատճառել համայնքի բյուջեին, այլեւ՝ 3․657․000 ՀՀ դրամի օգուտ։

Իսկ եթե չկա պատճառված վնաս, ապա չկա նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն։

Անկեղծ ասած մի քանի անգամ կարդացել եմ մեղադրանքի այս ձեւակերպումը, քանի որ անհնար էր հավատալ, որ դատախազությունը կարող է նման մեղադրանք ձեւակերպել կամ թույլ տալ դրա գոյությունը, որից հետո էլ արագ կերպով դրա մասին հայտարարություն տարածել դատախազության պաշտոնական կայքում։

Սակայն փաստ է այն, որ այդ աբսուրդ մեղադրանքն առկա է, իսկ դրա պատճառները դեռեւս կբացահայտվեն։

Ընդ որում, այս տրամաբանությունը բացատրելու նպատակով միջնորդություն եմ ներկայացրել քննիչին եւ դատախազին, խնդրելով պարզաբանել մեղադրանքի էությունը, թե ինչպես կարող էր պայմանագիրը խզելու դեպքում ավելի շատ գումար վճարվել համայնքի բյուջե, եթե դրա խզման դեպքում ընդհնարապես որեւէ գումար չէր վճարվելու։

Փորձում եմ ինձ համոզել, որ դրա մասին վերադաս դատախազները խորությամբ տեղյակ չեն ու տեղեկանալուն պես կվերացնեն այդ ապօրինությունը»։

 

 

 

Մեկնաբանել