Սեւանի ՄեսրոպՄաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների հյուրն էր Այբբենարանի հեղինակ Վաչագան Սարգսյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցից, 2-րդ Ա դասարանը, դասղեկ Ռ.Նիկոլյանի գլխավորությամբ, մեծ շուքով, աղ ու հացով եւ առանձնակի ուշադրությամբ հյուրընկալեցին իրենց սիրելի գրքի համահեղինակին։
Փոքրիկները հիացմունքով ու ակնածանքով ներկայացրին ու վերլուծեցին նրա հեղինակած ստեղծագործությունները։
«Աշակերտների խոսքում երեւաց հավատարմության, բարու, գեղեցիկի, ճշմարիտի գիտակցումն ու արժեւորումը։ Խոսքի գիտակ Վաչագան Սարգսյանը հետաքրքիր խաղային եւ ուսուցողական զրույց ունեցավ կրտսեր տարիքի բոլոր աշակերտների հետ եւ շրջեց դասարաններով։
Աշակերտները, հուզված անսպասելի հանդիպումից, շտապեցին նվիրել որեւէ գիրք կամ հուշանվեր։ Շրջայցը ավելի տպավորիչ էր դպրոցի հագեցած ու բազմաժանր գրադարանում, որտեղ հանդիպում-քննարկում տեղի ունեցավ նաեւ մանկավարժական կոլեկտիվի հետ, որի ընթացքում հնչեցին նոր առաջարկներ ու բազմաբնույթ հարցեր։ Նման հանդիպումները շատ ավելի վառ են տպավորվում թե մանկավարժների, թե աշակերտների կյանքում»,-ներկայացրեց դպրոցի տնօրեն Աննա Նիկողոսյանը։