ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հուշանվերների եւ ոսկերչական իրերի խանութ-սրահում կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
2021թ. փետրվարի 17-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, մուտք էր գործել Սիսիան համայնքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող հուշանվերների եւ ոսկյա զարդերի խանութ-սրահ եւ որպես զենք օգտագործվող դանակի սպառնալիքով, վաճառողի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել խանութ-սրահում առկա զգալի չափերով ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով:
Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնություն, որը հանդիսանում է Սիսիան համայնքի բնակիչ՝ ծնված 1987թ.:
Վերջինս ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով, եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ ներկայացնելով դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ գողոնը թաքցնելու վայրը. հափշտակված ոսկյա զարդերը հայտնաբերվել եւ առգրավվել են: Կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, որի ժամանակ տուժողը՝ խանութ-սրահի աշխատակցուհին, ճանաչել է առերեւույթ հանցագործություն կատարած անձին: Վերջինից ստացվել է արյան փորձանմուշ, նշանակվել դատաբժշկական, դատակենսաբանական եւ դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։