Իր ստեղծման օրվանից մինչ այս պահը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» 1528 ընտանիքի է սպասարկում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
«Հիշեցնեմ, որ մենք հատուցումներ ենք կատարում 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար, ինչպես նաեւ համաֆինանսավորում ենք պետական բյուջեի հետ 2008-ից 2016 թվականները ներառյալ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողներին»,- ասաց Ավետիքյանը:
Նա հայտնեց, որ մինչ այս պահը կատարել են շուրջ 14 մլրդ դրամի ֆինանսական հատուցումներ. «Մենք ֆինանսական հատուցումները կատարում ենք ինչպես միանվագ՝ 5 կամ 10 մլն դրամի չափով, այնպես էլ ամսական՝ 100-ից 300 հազար դրամի սահմաններում»:
Նրա խոսքով՝ վերջին պատերազմի հետեւանքով մինչ այս պահը արդեն հիմնադրամի հիմնական շահառու է դարձել 1111 ընտանիք, որոնք մտնում են այդ 1528 ընտանիքների կազմում:
«Նրանց կատարել ենք շուրջ 12 մլրդ դրամի հատուցումներ: Քանի որ մենք 20 տարվա պարտավորություն ենք կազմում, ամեն ամիս հատուցում է կատարվում, եւ այս թիվը փոփոխական է»,- ասաց Ավետիքյանը:
Նա նշեց, որ կամուրջ ծրագրով էլ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին կատարում են հատուցում՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 300 հազար դրամ: Այս ծրագրով 803 շահառու կա:
«Ինչ վերաբերում է ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, այս պահին ունենք 55 զինծառայող, որոնք ծանր վիրավորում են ստացել, եւ յուրաքանչյուր ամիս նրանց էլ 300 հազար դրամ հատուցում է տրվում»,- ասաց Ավետիքյանը: