Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Կոտայքում բնակարանների գները բարձրացել են

Կոտայքում բնակարանների գները բարձրացել են

0

Վերջին ամիսներին Հրազդան քաղաքում բնակարանի գները կրկնակի բարձրացել են: Ըստ հրազդանցիների՝ քաղաքում բնակարանների գնի եւ վարձակալության թանկացումը եղավ պատերազմից հետո, երբ Արցախից եկած ընտանիքները վարձով բնակարան էին փնտրում, իսկ ովքեր էլ գումար ունեին՝ բնակարան գնում:

Մարզի որոշ քաղաքներում, սակայն բնակարանների գների փոփոխություն չի նկատվում: Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանը  Hraparak.am-ի  հետ զրույցում ասաց, որ Աբովյանում հողի կադաստրային արժեքն է բարձրացել, իսկ բնակարանի գներ ո՛չ բարձրացել են, ո՛չ էլ կարելի է ասել՝ իջել:

«Մեր քաղաքում որոշակի թանկացել են բնակարանի գները: Եթե ամիսներ առաջ 4 սենյականոց բնակարանը գնում էին 22 հազար դոլարով, հիմա՝ 27000 արժե: Բնակարանի գները թանկացավ պատերազմից հետո, երբ Արցախից ընտանիքներ եկան: Ով, որ ֆինանսական միջոցներ ուներ բնակարան գնեց, դրանից էլ որոշակի գները թանկացել է»,- բնակարանների գների թանկացման հարցին՝ ի պատասխան ասաց Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը:

Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանն էլ համոզված է, որ Հրազդանում բնակարանի գների թանկացումը պայմանավորված է քաղաքի առաջընթացի հետ. «Ճանապարհները ասֆալատապատվում են, լուսավորության հարցը լուծվում է, այս տարի խաղահրապարակների հարցը կլուծենք: Հրազդանում նաեւ թատրոնն է գործում: Տեսնելով, որ Հրազդան քաղաք ոչ թե խոսքով, այլ գործով առաջ է գնում, դրա համար էլ գները մեծ թվով աճել են: Այս տարի եւս բնակարաների գները կթանկանա, քանի որ այս տարի էլ մեծ աշխատանքներ ունենք կատարելու: Օրինակ՝ Վահագնի թաղամասում ճանապարհները անացանելի էին, քարուքանդ վիճակում էին: Ասֆալտապատվեց ճանապարհը, լուսավորության հարցն էլ կլուծի այդ թաղամասում: Այդ թաղամասում բնակարանի գինը կրկնակի թանկացել է»:

«Իմ ինֆորմացիայով, գների աճ չի նկատվում, ավելի շատ վարձակալության պահանջ կա, քան բնակարանի գնման»- ասացին Բյուրեղավանի համայնքապետարանից:

Մեկնաբանել