
Փետրվարի 23-ին լրացավ Սյունիքի մարզի Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների լիազորության ժամկետը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, մարտին պիտի կայանային ՏԻՄ ընտրություններ, սակայն ռազմական դրության պատճառով այն հետաձգվելու է, քանի որ ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ ՏԻՄ եւ Ազգային ժողովի ընտրություններ չեն անցկացվում»։
«Տեղական ինքնակառավարման մարմինների» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն, «համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որոշմամբ Տաթեւի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մուշեղ Պողոսյանը։ 13 տարի Տաթեւը ղեկավարած 63-ամյա Մուրադ Սիմոնյանը, սակայն առաջադրվելու է համայնքի ղեկավարի ընտրություններում։

Տարածքային կառավարաման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019-2020 թվականների ընթացքում ի հայտ եկան իրավիճակներ, երբ համայնքների ավագանիների լիազորությունները լրանում էին, իսկ ավագանիների արտահերթ ընտրություններ չէին նշանակվում՝ Հայաստանում արտակարգ եւ ռազմական դրության ռեժիմներին անցնելու հիմանվորմամբ, ներկայացրել է օրենսդրական փոփոխություն կատարելու նախագիծ։
Համայնքների ավագանիների լիազորությունները դադարելուց հետո՝ համայնքների բնականոն գործունեությունը խաթարվում է. չեն հաստատվում համայնքային բյուջեները, չեն հատկացվում սուբվենցիոն ծրագրերի համար համաֆինանսավորումները, անհնարին է դառնում ավագանու լիազորություններով պայմանավորված բազմաթիվ գործառույթների իրականացումը: Բազմաթիվ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ են հողհատկացումներ, ինչը նույնպես հնարավոր չէ առանց ավագանու որոշման: Այդ իսկ պատճառով, նախարարությունը առաջարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում նախատեսել կարգավորում, համաձայն որի՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը: