Marzer.am-ի տեղեկություններով՝ Լոռու մարզպետարանում ազատումները շարունակվում են: Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Մխիթարյանը: Վարչապետը ազատման դիմումը ստորագրել է: Աշխատակազմի քարտուղարի պարտականությունները ներկայումս կատարում է գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը:
Կադրային փոփոխությունները, Արամ Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո այսքանով չեն ավարտվում:
Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ մարզպետ Արամ Խաչատրյանը աշխատանքից ազատել է կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանին: Մեզ հասած տեղեկություններով՝ մինչ աշխատանքից ազատելը, մարզպետի ու վարչության պետի հարաբերությունները լարված են եղել: Մարզպետի հանձնարարականով նշանակվել է ծառայողական քննություն, որի եզրակացության հիման վրա էլ Հարությունյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Marzer.am-ի հետ զրույցում մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետ Արտաշես Ադլոյանը հաստատելով վարչության պետի ազատ,ման տեղեկությունները, ասաց. «Նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքում տրվել է եզրակացություն ու ազատվել է աշխատանքից»,-ասաց պարոն Ադլոյանը, նշելով, որ ծառայողական քննություն նշանակվել է փետրվարի 8-ին՝ աշխատանքի չներկայանալու հիմնավորությունը պարզելու համար. «Փետրվարի 19-ից Ռաֆայել Հարությունյանը ազատվել է աշխատանքից»: Մանրամասների հետ կապված պարոն Ադլոյանը հորդորեց դիմել ծառայողական քննությունն իրականացրած մարմիններին:
Նկատենք՝ թե Արթուր Մխիթարյանը, թե Ռաֆայել Հարությունյանը, ու թե մինչ օրս ազատման դիմումներ ներկայացրած աշխատակիցների մեծ մասը, եթե ոչ բոլորը, նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի «բերած» կադրերն են, որոնք սկզբում աշխատում էին որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, հետո մասնակցելով հայտարարված մրցույթներին՝ նշանակվեցին այդ պաշտոններում: Գաղտնիք չէ նաեւ, որ նախկին ու ներկա մարզպետները իրար հետ մեղմ ասած այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն, թեպետ նույն քաղաքական թիմի անդամ են: Պետք չէ մոռանալ նաեւ, որ երբ Անդրեյ Ղուկասյանը նշանակվեց մարզպետի պաշտոնում, նա էլ իր հերթին աշխատանքից հեռացրեց բոլոր նրանց, ովքեր այն ժամանակ փոխմարզպետի պաշտոնը զբաղեցնող Արամ Խաչատրյանի շրջապատից էին:
Marzer.am-ի հետ զրույցում Ռաֆայել Հարությունյանը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ իր ազատման որոշմանը:
Marzer.am