Գլխավոր ԵՐԵւԱՆ Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որեւէ փորձ. Արմեն Սարգսյանի աշխատակազմի հայտարարությունը

Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որեւէ փորձ. Արմեն Սարգսյանի աշխատակազմի հայտարարությունը

0

Ստեղծված իրավիճակում որեւէ մեկը որեւէ ձեւով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որեւէ փորձ։ Այս մասին ասվում է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի տարածած հայտարարությունում՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցերի։

«Հանրապետության նախագահի աշխատակազմը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունից հետո:

Համաձայն ՀՀ Սահմանադրության, Հանրապետության նախագահն ունի եռօրյա ժամկետ իր դիրքորոշումն արտահայտելու համար: Նախագահը, ելնելով պետական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, մինչ օրս սկզբունքային առարկություններ չի ունեցել պաշտոնատար անձանց նշանակման եւ ազատման հարցում:

Սակայն, ռազմական դրության իրավիճակում, առկա ճգնաժամի պայմաններում, վերը նշված հայտարարությունից հետո, զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

Ստեղծված իրավիճակում որեւէ մեկը որեւէ ձեւով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որեւէ փորձ:

Հանրապետության նախագահը որեւէ մեկի կամ որեւէ քաղաքական ուժի կողմից չէ, երբեւէ չի եղել եւ չի պատրաստվում լինել: Նախագահն իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես պետության ու ժողովրդի շահերով:

Նախագահ Սարգսյանը կարեւորում է կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը երկրում եւ շարունակելու է ամեն ինչ անել այդ ուղղությամբ՝ համոզված լինելով, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, եւ ոչ թե առճակատման միջոցով:

Նախագահն այս պահի առաջնահերթ խնդիրն է համարում երկրում առկա լարվածության թուլացումն ու իրավիճակի անցնցում հանգուցալուծումը, եւ նրա բոլոր գործողություններն ուղղված են դրան»,– ասվում է հայտարարությունում:

Մեկնաբանել