Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ԱԻ կարողությունների զարգացման ծրագիր՝ սահմանամերձ համայնքների դպրոցներում

ԱԻ կարողությունների զարգացման ծրագիր՝ սահմանամերձ համայնքների դպրոցներում

0

Փետրվարից մեկնարկել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNICEF եւ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի համատեղ ջանքերով իրականացվող «Երեխաների անվտանգության եւ դիմակայունության հզորացումը Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների դպրոցներում» ծրագրի 2-րդ փուլը: Ծրագրի թիրախային բոլոր դպրոցները գտնվում են սահմանամերձ համայնքներում. Սյունիք՝ 16, Գեղարքունիք՝ 13, Վայոց Ձոր՝ 10:

Ծրագիրը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության» (UK CSSF) հիմնադրամը։

Նպատակն է նպաստել ծրագրի թիրախային դպրոցների աղետների ռիսկի նվազեցման եւ արտակարգ իրավիճակներին արձագանքնման կարողությունների հզորացմանը՝ դպրոցներում ԱՌԿ պլաններ մշակելու, ԱՌԿ խորհուրդների առաջին օգնության (ԱՕ) եւ հոգեբանական առաջին օգնության (ՀԱՕ) պատասխանատուներին վերապատրաստելու, COVID-19 վարակի տարածման ռիսկի նվազեցմանն ուղղված գույք եւ միջոցներ տրամադրելու, առաջին օգնության պարագաների, ոլորտային գրականության եւ ԱՌԿ այլ գույքով դպրոցները հագեցնելու միջոցով:

Ծրագրի 2-րդ փուլի շահառու 24 դպրոցից 21-ում արդեն անցկացվել են դպրոցի կարողությունների զարգացմանն ուղղված երկօրյա դասընթացներ, մշակվել են դպրոցների ԱՌԿ պլանները:

Մարտ ամսին կկայանա առցանց 13 վերապատրաստում՝ առաջին եւ երկրորդ փուլով ընտրված 39 դպրոցի ԱՌԿ խորհուրդների ԱՕ եւ ՀԱՕ պատասխանատուների համար:

2-րդ փուլի ավարտին՝ մարտի վերջին, բոլոր 39 դպրոցը կստանան առաջին օգնության պայուսակներ եւ ԱՌՆ այլ գույք՝ ելնելով դպրոցի կարիքներից։ Բացի սրանից՝ դպրոցներում կտեղադրվեն անհրաժեշտ քանակությամբ տարհանման նշաններ։

Առաջին փուլի շրջանակներում՝ 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, մշակվել է 15 դպրոցի ԱՌԿ պլան: Ընտրված դպրոցներից 30-ը մինչեւ դպրոցների վերաբացումը ստացել են COVID-19 վարակի տարածման ռիսկը նվազեցնող որոշակի գույք՝ անհպում ջերմաչափ, տարածքների եւ ձեռքերի ախտահանիչ միջոցներ, ախտահանիչ սարք, դիմակ, ձեռնոց, պաշտպանիչ արտահագուստ եւ այլն։ Մշակվել է նաեւ COVID-19 համավարակի պայմաններում կրթության որակի նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու ուղեցույց, որը կիրառվել է ծրագրում ներառված չորս դպրոցում։

Մեկնաբանել