
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 25-ամյա դատապարտյալ Արման Ջանջուղազյանը 2020 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 16:35-ին, ներքին կանոնակարգի խախտման պատճառով տեղափոխվել ու տեղաբաշխվել է պատժախցային եւ կարանտինային բաժանմունքի թիվ 01 խցում։ Գործող կարգի համաձայան, նրան առաջարկվել է ստանալ իրեն հասանելիք անկողնային պարագաները: Արմանն առանց որեւէ պատճառաբանության հրաժարվել է ընդունել դրանք, ապա որոշ ժամանակ անց ցանկացել է ստանալ անկողնային պարգաները։
Նույն օրը, երեկոյան, ժամը 20:25-ին, պատժախցային եւ կարանտինային բաժանմունքում ծառայություն իրականացնող ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետներ Կոլյա Կարապետյանը, Ռոբերտ Գալստյանը, նույն հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնական Հովսեփ Մինասյանի ներկայությամբ բացել են պատժախցային եւ կարանտինային բաժանմունքի թիվ 01 խցի մուտքի դուռն ու առաջարկել են դատապարտյալ Արման Ջանջուղազյանին՝ վերցնել դռան դիմաց դրված անկողնային պարագաներն ու հագուստները:

Սակայն դատապարտյալը նպատակ ունենալով նվաստացնել հայ ազգի՝ որպես «Քրիստոնյա» դավանանքի դերն ու արժանապատվությունը, ընդգծելով իր թշնամական վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ, այսինքն՝ կրոնական մոլեռանդության շարժառիթով մոտեցել է նշված խցի մուտքի դռանը եւ իր մոտ պահված մեկանգամյա օգտագործման սափրվելու ածելիով վնասել է երկու անձանց՝ ապօրինաբար ուղղակի դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով։
Արման Ջանջուղաջյանը նախ վնասել է Ռոբերտ Գալստյանին՝ պատճառելով ձախ բազկի կտրած վերքի ձեւով առղջության կարճատեւ քայքայումով առողջության թեթեւ վնասվածք, ապա փաթաթվելով Հովսեփ Մինասյանին՝ նույն ածելիով պատճառել է ձախ այտի, պարանոցի շրջանների կտրած վերքերի ձեւերով առողջության կարճատեւ քայքայումով առողջության թեթեւ վնասվածքներ: Հովսեփ Մինասյանը դատապարտյալ Արման Ջանջուղազյանին հրելով մտցրել է խուց, իսկ Ռոբերտ Գալստյանը եւ Կոլյա Կարապետյանը փակել են խցի մուտքի դուռը, որի ընթացքում դատապարտյալը բացականչել է՝ «Ալլահ Ագբար, մահ քրիստոնյաներին, քրիստոնյանների արյունն եմ թափելու, բոլորդ մեռնելու եք» արտահայտությունը:
ՔԿՀ ծառայողների ակտիվ դիմադրության եւ նրան խուց մտցնելու հետեւանքով Արման Ջանջուղազյանն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել: Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահող դատավորն է Ջոն Հայրապետյանը։ Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի հատկանիշներով՝ սպանության փորձ։
Հիշեցնեմ, Արման Ջանջուղազյանը, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ 2017թ.ապրիլի 22-ին, ժ.17:30-ին, կրոնական մոլեռանդության շարժառիթով դանակի մի քանի հարվածով Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաեւին` սպանելու համար։ Արման Ջանջուղազյանը այդ ժամանակ ներկայացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր, իրեն հայտարարել էր իսլամի հետեւորդ, սակայն դատարանում այդ մասին հրաժարվել է ցուցմունքներ տալ։
Լուսանկարը aravot.am-ի արխիվից