Շիրակի մարզի 114 վթարային բազմաբնակարաններից 92-ը գտնվում են Գյումրիում: 3-րդ աստիճանի վթարայնության բոլոր շենքերը բնակեցված են: Վերջին երկրաշարժը, որը Գյումրիում զգացվեց 2-ից 3 բալ ուգնությամբ, լուրջ վտանգ չներկայացրեց այդ շինությունների համար, բայց, եթե 6 բալանոց, կամ ավելի ուժեղ ցնցում լինի, խնդիրներից խուսափել, ցավոք հնարավոր չի լինի:
Ըստ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի, այդ շենքերը վերջին անգամ ուսումնասիրվել են 2006 թվականին: Դրանից հետո նման մեծամասշտաբ ուսումնասիրություն չի իրականացվել:
Ներկա պահին Գյումրիում վթարային 92 բազմաբնակարաններից առավել վտանգավոր են 4-ը՝ Անտառավան 3-րդ թաղամաս, 26 շենքը, Իսահակյան 9, Տիգրան Մեծի 5, Հանեսօղլյան 5, Ղուկասյան 29 շենքերը: Այս կառույցների վթարայնությունը ձգտում է չորրորդի:
2020-ին նախատեսված էր այս 4 շենքի խնդրի կարգավորման աշխատանքերի իրականացում, սակայն համավարակով, հետո արդեն պատերազմով պայմանավորված, դրանք հետաձգվեցին:
Անտառավան 3-րդ թաղամաս, 26 շենքի բնակիչներին տրվելու էին ԲԳՎ-ներ, որպեսզի կարողանային բնակարաններ գնել: Ալբերտ Մարգարյանն ասաց, բնակիչների հետ զրուցել էին, բոլորը տվել էին իրենց համաձայնությունը:
Տիգրան Մեծի 5 շենքը ենթակա էր ուժեղացման ամրացման: Իսկ Իսահակյան 9 շենքի համար որևէ վերջնական որոշում չէր կայացվել, քանի որ բնակիչներն ընդհանուր հայտարարի չէին եկել: Հարցը թողնվել էր հետագա քննարկման:
Այս տարի արդեն նույն փաթեթը կրկին կուսումնասիրվի: Ալբերտ Մարգարյանն ասաց որոշման նախագիծը դեռևս Կառավարությունում է, հույս ունեն, որ այս տարի կարողանան իրականացնել:
Հ.Գ
14 տարի առաջ ուսումնասիրված ու վթարայնության 3-րդ կարգ ստացած բազմաբնակարան շենքերի մեծ մասը, եթե ոչ բոլորը, նոր սեյսմիկ ուսումնասիրություններ անելու դեպքում կճանաչվեն 4-րդ կարգի վթարային ու կդառնան քանդման ենթակա: Պետությունն այս դեպքում, պարտավոր կլինի օր առաջ տարհանել բնակիչներին այդ շենքերից: 2006թ-ից մինչ օրս այդ շենքերի սեյսմիկ վիճակը շարունակվել է խաթարվել՝ սկսած գրանցված երկրաշարժերից, վերջացրած՝ մարդկային ու տեխնածին այլ գործոններով: Թե երբ կառավարությունը կոնկրետ ու իրատեսական քայլեր կանի, նոր ուսումնասիրություններ կիրականացնի ու գործուն քայլեր կձեռնարկի՝ բնակիչների անվտանգության ուղղությամբ, հայտնի չէ: Փաստ է միայն այն, որ 88-ի ավերիչ երկրաշարժի հետեւանքները աղետի գոտի Գյումրիում դեռ երեւում են, որքան էլ որ նախկին ու ներկա իշխանությունները ամպագորգոռ հայտարարություններ կանեն, թե աղետի գոտու խնդիրը վերացած է: Գործող իշխանությունը պետք է նաեւ համարձակություն գտնի իր մեջ ու օր առաջ գոնե մասնագիտական լուրջ ուսումնասիրություններ կատարի՝ շենքերի սեյսմիկ իրավիճակի ռեալ պատկերն ունենալու համար:
Սամսոն Մատինյան, Marzer.am, Շիրակի մարզ