Երեկ՝ 2021թ. փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք եւ արդյունքում 60-ից ավել ահաբեկիչ ձերբակալվեց: Նրանց հիմա անվանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղավաղում է, որովհետեւ պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել: Մենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել ենք: Մենք նրանց վերադարձրել ենք նախքան իրենք մեզ մեր գերիներին կվերադարձնեին: Իսկ այս մարդիկ ռազմագերի չեն, ահաբեկիչ են, դիվերսանտ են»:
- Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը եւս մեկ անգամ վճռականորեն արձանագրում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները եւ քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են:
Բոլոր զինծառայողներն Արցախում են գտնվել՝ իրենց սահմանադրական պարտականությունը կատարելու համար, նրանք Արցախում տարել են զինվորական իրավական ծառայություն: - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաեւ մինչեւ մեկ խմբով թվով 44 գերիների վերադարձին:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելու փաստն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը:
. Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանավորելն ու առավել եւս նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու առհասարակ մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են:
Իրենց զինվորական իրավական ծառայությունն իրականացնելու համար նրանք չեն կարող որեւէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել՝ որպես պատիժ:
Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնեւի երրորդ կոնվենցիայի պահանջներից:
Ադրբեջանական իշխանությունները նախ արհեստականորեն ձգձգում էին հայկական կողմի գերիների վերադարձը, իսկ այնուհետեւ սկսեցին նենգափոխել եւ չարաշահել իրավական գործընթացները եւ ուղիղ տեքստով հայտարարել, որ Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»:
Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է նման վերաբերմունքը: Դա ակնհայտորեն պարունակում է պատերազմական հանցագործության հատկանիշներ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաեւ հարկ է համարում հատուկ ընդգծել, որ հետպատերազմական գործընթացում մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո եւ դրանք պետք է զերծ պահվեն քաղաքական գործընթացներից:
Այս արգելքը գործում է ցանկացած պարագայում՝ միջազգային իրավունքում, անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց:
- Բացարձակ անընդունելի է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել՝ այդպիսով գերիներին անվանելով «դիվերսանտ» կամ ահաբեկիչ կարող է լինել միայն:
Անթույլատրելի է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա:
Նախ, թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո ու հիմա էլ գործ ունենք ընթացող (չավարտված) զինված հակամարտության հետ. այս կանոնն ուղղակիորեն բխում է միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից: